ՀՊՏՀ ներկայացուցիչներ Լիանա Գրիգորյանն ու Սուրեն Պարսյանը Ռոստովում մասնակցել են միջազգային գիտաժողովի

Դիտումների քանակ՝ 1271

Հոկտեմբերի 10-12-ը  ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ,  տ.գ.թ.,դոցենտ Լիանա Գրիգորյանը  և ասպիրանտ Սուրեն Պարսյանը Ռոստովում Հարավ -դաշնային համալսարանի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել են «Հարակից շրջանների տնտեսագիտական ինստիտուտների և տնտեսավարման արդիականացման տեսություն և պրակտիկա» խորագրով  միջազգային գիտաժողովին:

Լիանա Գրիգորյանը հանդես է եկել «Ներդրումային ռիսկի կառավարումը արդյունաբերության մեջ (ՀՀ օրինակով)» զեկուցմամբ: Դոցենտը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին իր զեկուցման մասին մասնավորապես ասաց. «Ներդրումային ռիսկերի կառավարումը արդյունաբերական ձեռնարկություններում նպատակահարմար է իրականացնել պորտֆելային –նախագծային մոտեցման հիման վրա, որը հնարավորություն է ընձեռում  հաշվի առնել ներդրումային ռիսկի գործոնները կազմակերպության ներդրումային նախագծերում, ինչպես նաև գործոնների փոխադարձ ազդեցությունը նախագծերի վրա: Այս ամենը հնարավորություն է տալիս բարձրացնել ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը ներդրումային ռիսկերի կառավարման գործընթացում: Հայաստանի օրինակով այս հիմնախնդիրների  ուսումնասիրությունն իրականացվում է մի քանի գործառույթներով`ռիսկերի պլանավորման, կազմակերպման և կառավարման մոնիտորինգի և ընդհանուր առմամբ, ներդրումային ռիսկի վերլուծության և վերահսկողության առումով: Ռիսկերի կառավարման համակարգային մետեցումը թույլ է տալիս արդյունաբերական ձեռնարկություններում լուծել մի շարք ռազմավարական խնդիրներ»:

Մեր բուհի մյուս ներկայացուցիչ` ասպիրանտ Սուրեն Պարսյանը գիտաժողովում ներկայացրել է «Հարավային Ռուսաստան. ոչ մետաղական  հանքանյութերի արտահանման հնարավորությունների և  հեռանկարների  վերլուծություն» թեմայով  զեկուցումը:

«Նախ նշեմ, որ գիտաժողովին մասնակցությունը շատ մեծ կարևորություն ունեցավ  այն առումով, որ մասնակցում էին  9 երկրների ներկայացուցիչներ և քննարկվեցին  տնտեսական արդի թեմաներ: Իմ զեկույցում հիմնականում ներկայացրել եմ Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի պաշարները, նրանց որակական ցուցանիշները, «Դիատոմիտ» ԳԱ և «Իջևանի Բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ների հաջողված արտահանման փորձը Հարավային Ռուսաստան, մասնավորապես`«Դիատոմիտ» ընկերությունը գարեջրի շուկայում առաջատար ռուսական «Բալտիկա» ընկերության զտիչ փոշիների միակ մատակարարն է և մատակարարումների անխափան իրականացման համար Ռոստովում հիմնել է պահեստ (լոգիստիկ կենտրոն):  Ներկայացրել եմ առաջարկներ`կապված Հայաստանում պեռլիտի, մասնավորապես` փրփրապակու (պենոպեռլիտի), զտիչ փոշիների, պեռլիտասիլիկատային սալիկների և այլ արտադրատեսակների վերամշակման և արտահանման հետ»,-ասաց ՀՊՏՀ ասպիրանտը: Նրա փոխանցմամբ` իր հետազոտության արդյունքներն ու առաջարկները ներկայացվել են  ՀՀ  էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, և արդեն  դրանց մի մասն ընգրկված է «Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման» հայեցակարգի նախագծի մեջ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին