Սեմինար` «Ֆինանսական շուկաներ և ծառայություններ» ուղղության շրջանակներում

Դիտումների քանակ՝ 911

«Ամբերդ» հետազոտական կենտրոնում երեկ  «Ֆինանսական շուկաներ և ծառայություններ» ուղղության շրջանակներում կազմակերպվեց գիտական սեմինար, որին  մասնակցում էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, կենտրոնի աշխատակազմը,  բուհի վարչական և դասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողներ (մագիստրանտներ):

Գագիկ Վարդանյանը ողջունեց հյուրերին և  գիտական հետազոտությունների դերն արժևորելով` նշեց, որ ըստ եվրոպական չափանիշների ուժեղագույն են համարվում    այն համալսարանները, որտեղ կատարվում են գիտական հետազոտություններ:

Սեմինարի գլխավոր բանախոս, տ.գ.դ., դոցենտ, ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի դեկան  Սերգեյ Սուքյասյանը  ներկայացրեց հետազոտության հիմնական նպատակը, խոսեց թեմային առնչվող մի շարք հարցերի մասին:

Մասնավորապես, ներկայացվեց «Ֆինանսական շուկաներ և ծառայություններ» գիտահետազոտական ուղղության նախնական  հետևյալ արդյունքները`  երկարաժամկետ ֆինանսական ռեսուրսների ձևավորման ներքին աղբյուրների` տնային տնտեսությունների խնայողությունների մակարդակի փոփոխության և իրական հատվածում կազմակերպությունների ոչ ընթացիկ ակտիվների փոփոխության մշտադիտարկման գործընթացի կազմակերպումը, ՀՀ ֆինանսական հատվածի վրա արտաքին բացասական ազդեցության ուղղության նկարագիրը, ֆինանսական շուկայում վարկի գործող տոկոսադրույքի վրա ազդող գլխավոր գործոնների բացահայտումը` հեռանկարում վարկի մատչելիությունն ապահովելու նկատառումով, ՀՀ  դրամի փոխարժեքի վրա ազդող գործոնների առանձնացված հետազոտություն (արտաքին առևտուր, զբոսաշրջություն, մասնավոր փոխանցումներ), ֆինանսական հատվածի ապահովագրական ոլորտի զարգացման նախադրյալների բացահայտումը, ՀՀ տարածքում կապիտալի շուկայի գործառույթների կատարման աստիճանի գնահատում, բանկային ակտիվների արժեթղթավորման առաջադրում, ֆինանսական հատվածում ներդրումային գործունեության միջավայրի գնահատում:

Բացի կիրառական և գործնական նշանակություն ունեցող բերված ուղղություններից, հետազոտական ուղղությունը պարունակում է նաև տեսական հիմնախնդիրներ, որոնք վերաբերում են փողի բովանդակային փոփոխություններին` ժամանակակից պայմաններում:

Հետազոտության հաջորդ մասը ներկայացրեց դ.գ.դ., պրոֆեսոր, ֆինանսների ամբիոնի վարիչի ժ/պ  Աշոտ Սալնազարյանը: Երկու զեկուցումներն էլ լինելով արդիական և վերաբերվելով խիստ կարևոր ոլորտների, մասնակիցների կողմից բուռն

քննարկումների և  բազմաթիվ հարցադրումների առիթ դարձան:

«Արձանագրենք, որ այսօր լսեցինք շատ հետաքրքիր զեկուցումներ, հետաքրքիր, որովհետև բոլորս կամա թե ակամա առնչվում ենք այս   ոլորտներին: Ֆինանսական շուկան ունի իր առանձնահատկություններն ու հիմնխնդիրները, ուստի հետազոտության անհրաժեշտություն կա»,- սեմինարն ամփոփեց կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին