Մեկնարկում է ՈւԳԸ նստաշրջանը
ՀՊՏՀ ուսանողական գիտական ընկերությունը թևակոխում է գործունեության նոր շրջափուլ: Այս ուսումնական կիսամյակում կանցկացվի ՈւԳԸ նստաշրջան՝ ներֆակուլտետային և համահամալսարանական փուլերով, որին ընդառաջ՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում խոսել է ՀՊՏՀ ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր, ՈւԳԸ համակարգող Սևակ Խաչատրյանը:
«2 տարվա պասիվությունից հետո ուսանողական գիտական ընկերությունը նոր թափով կսկսի համախմբել ուսանողներին ու ասպիրանտներին: Նստաշրջանը կանցկացվի հավուր պատշաճի, արդեն ընտրվել են ամբիոնային պատասխանատուներ (դասախոսներ և ուսանողներ), որոնք գիտական զեկուցումների պատրաստման գործում կուղղորդեն ուսանողներին: Մինչև ապրիլի 25-ը նախատեսում ենք կազմակերպել ներֆակուլտետային փուլը, որի արդյունքում կընտրվեն լավագույնները և կմասնակցեն մայիսին Ծաղկաձորում կայանալիք համահամալսարանական փուլին: 2-րդ փուլի լավագույն զեկուցումները ներկայացվելու են տպագրության, բուհի ղեկավարությունը հաղթողներին պարգևատրելու է արժեքավոր նվերներով: Նախատեսում ենք նաև գիտական մեծ ներուժ ունեցողներին ներգրավել դրամաշնորհային գիտահետազոտական տարբեր ծրագրերում»,-ընդգծեց պրոռեկտորը:
Ուշադրություն. ներֆակուլտետային փուլի համար զեկուցումները պետք է պատրաստ լինեն մինչև ապրիլի 13-ը, ուսանողներն ու ասպիրանտները կարող են դիմել համապատասխան ամբիոններ: Թեմայի ընտրությունն ազատ է, աշխատանքները կարող են լինել ինչպես մասնագիտական, այնպես էլ ոչ մասնագիտական՝ օրինակ՝ «Քաղաքագիտություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ֆիզիկական կուլտուրա», «Օտար լեզու» և այլ առարկաներին առնչվող թեմաներով: ՈւԳԸ նստաշրջանին կարող են մասնակցել բոլոր կուրսերի և կրթաձևերի ուսանողները, ասպիրանտները: Ընդունվում են միայն անհատական զեկուցումներ:
Հարցերի դեպքում կարող եք դիմել պրոռեկտոր Սևակ Խաչատրյանին կամ ՈւԳԸ նախագահ Մարի Եղիազարյանին:
Մաղթում ենք հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին