Ուսանողներն ուսումնասիրել են ձեռնարկատիրության զարգացման առանձնահատկությունները

Դիտումների քանակ՝ 2799

Տնտեսագիտություն մասնագիտության 2-րդ կուրսի մի խումբ ուսանողներ՝ Մանե Խաչատրյանը, Ռադիկ Խալաթյանը, Արման Առաքելյանը, Տաթևիկ Սեդրակյանը և Ալլա Ղազանչյանն այսօր «Մակրոտնտեսագիտության ներածություն» առարկայի դասաժամին հանդես եկան հեղինակային զեկուցմամբ: Բաց դասին ներկա էին տնտեսագիտության տեսություն ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ֆիրուզա Մայիլյանը, կազմակերպիչները՝ նշված առարկայի դասախոսներ, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ռուզաննա Արմենակյանը և ասիստենտ.,տ.գ.թ. Տաթևիկ Մկրտչյանը:

Ուսանողները հետազոտել էին իրենց հետաքրքրող թեմաներից մեկը և պատրաստել «Ձեռնարկատիրության զարգացման առանձնահատկությունները ՀՀ-ում. միտումներ և խոչընդոտներ» զեկուցումը: Սկզբում նրանք բնութագրական տեղեկություններ հաղորդեցին. ի՞նչ է ձեռնարկությունը և ձեռնարկատիրական գործունեությունը, ո՞վ է ձեռներեցը և ի՞նչ սահմանումներ են ձևակերպել հայտնի տնտեսագետներ Շումպետերը, Նոլան Բուշները և այլք,  ի՞նչ հատկանիշներ ունի…Այնուհետև թվարկվեցին ձեռներեցի իրավունքները, ձեռնարկատիրական գործունեության առավել տարածված տեսակները, ձեռնարկության կազմակերպման իրավական տեսակները: Ուսանողները նաև համեմատական վերլուծություն էին կատարել փոքր և միջին ձեռնարկատիրությունների միջև՝ նշելով առավելությունները և թերությունները: Զեկուցման երկրորդ հատվածում վերհանվեցին ՀՀ-ում ՓՄՁ հիմնախնդիրները, զարգացման հնարավորությունները:

Մեզ հետ զրույցում դասախոս Տաթևիկ Մկրտչյանը նշեց. «Բաց դասերը նպաստում են ուսանողների բանավոր խոսքի, թիմային աշխատանք կատարելու զարգացմանը, ուղղորդում են նրանց ինքնուրույն գիտական հետազոտություններ իրականացնելուն»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին