Մեկնարկել են ՀՊՏՀ ներքին գիտական դրամաշնորհների 3-րդ միջանկյալ հաշվետվությունները

Դիտումների քանակ՝ 1244

Այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի ունեցավ ՀՊՏՀ ներքին գիտական դրամաշնորհների 3-րդ միջանկյալ հաշվետվությունների առաջին շնորհանդեսը: Ներկայացվեց «ՀՀ մրցունակության բարձրացման գերակայությունները զբոսաշրջության շուկայում» միջամբիոնային թեման (կառավարման և հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնների մասնակցությամբ, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչ, ակադեմիկոս Յուրի Սուվարյանի ղեկավարությամբ):

Բացման խոսքում ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը բոլոր մասնակիցների (ուսանողների և դասախոսների) ուշադրությունը հրավիրեց հետազոտական աշխատանքի կարևորությանն ու արդյունավետությանը` նշելով, որ հետազոտող դասախոսի ու ուսանողի միջև ձևավորվում է բացառիկ փոխըմբռնում: Նա կոչ արեց հետազոտական խմբերին` աշխատել հետազոտողի պատվախնդրությամբ և ակտիվորեն մասնակցել քննարկումներին:

ՀՊՏՀ հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնի վարիչ Նելլի Շահնազարյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց, որ իրենց աշխատանքային խմբի հետազոտության թեմայի շրջանակներում ուսումնասիրվել է ՀՀ զբոսաշրջության ենթակառուցվածքների վիճակը, գնահատվել է այդ ենթակառուցվածքների մրցունակությունը, վեր են հանվել առկա հիմնախնդիրները, միևնույն ժամանակ ուսումնասիրվել են ՀՀ ամբողջ զբոսաշրջության ոլորտի մրցունակության բարձրացման ուղղությունները: «Աշխատանքի արդյունքներն արդեն տեսանելի են, ունենք 1 հրատարակված հոդված, 2-րդը օրերս կներկայացվի տպագրության, իսկ ամփոփիչ արդյունքը կարտացոլվի մենագրությունում»,- ասաց Նելլի Շահնազարյանը:

Աշխատանքային խմբի եռամսյա հետազոտության արդյունքը ներկայացրեցին հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնի ասիստենտներ Հասմիկ Համբարձումյանը և Մարինե Առաքելյանը:

Ներկայացված  թեմայի շուրջ ծավալվեց քննարկում:

ՀՊՏՀ ներքին գիտական դրամաշնորհների 3-րդ միջանկյալ հաշվետվությունների շնորհանդեսի անցկացման ժամանակացույցին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/Dramashnor_1.pdf:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին