Հայի ինքնության խնդիրը վեր հանվեց ու քննարկվեց համակողմանիորեն

Դիտումների քանակ՝ 1171

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտությունների» ծրագրի «Հոգևոր-բարոյական անվտանգություն» ուղղության շրջանակներում ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնում այսօր տեղի ունեցավ բանավեճ «Հայի հոգևոր-բարոյական կերպարը կամ ինքնությունը» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դասախոսները և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակազմը` տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը, «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Վարդան Աթոյանը, «Ազգային մրցունակություն և միջազգայնացում» ծրագրի ավագ գիտաշխատող, տնտեսագիտության թեկնածու Սուրեն Բաբաջանյանը:

Բանախոսն էր փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սարգսյանը: Ներկայացնելով հայ ազգի ինքնության բացահայտման մի շարք հարցադրումներ, միաժամանակ կարևորելով ազգի պատմական անցյալի ճանաչումն ու իմաստավորումը, վկայակոչելով անվանի հայերի` հայի մասին ձևակերպումները` Արամ Սարգսյանը լսարանի քննարկմանը ներկայացրեց ազգի ինքնության, նրա առաքելության և դրա իրականացման ուղիների մասին սեփական դիտարկումները: Բանախոսն առաջադրեց սուր, բայց և կենսական կարևորության հիմնախնդիրներ` անդրադառնալով նաև ազգի հոգևոր-բարոյական անվտանգությանը:

Զեկուցման ավարտին Արամ Սարգսյանին ուղղվեցին բազմաթիվ հարցեր ու հարցադրումներ:

Ելույթներով հանդես եկան պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը, դոցենտ Յուրի Հովականյանը, ասիստենտ Սուրեն Բաբաջանյանը:

Բանավեճն ամփոփեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը: Նա մասնավորապես նշեց, որ բանախոսը հայի հոգևոր ու բարոյական կերպարի հարցը քննեց համակողմանիորեն ու խորությամբ: Արտահայտելով իր մտահոգությունը արծարծվող հարցի առնչությամբ` նա ասաց, որ իր մտահոգությունն  է, որ համախմբվեն ու գործադրվեն մասնագետների մտավոր ներուժն ու հմտությունները` առաջադրված խնդիրները լուծելու համար:  Մասնավորապես, Սամվել Ավետիսյանը շեշտադրեց, որ պետք է ձևակեպվի ազգային այն գաղափարը, որի շուրջ կհամախմբվի ազգը, և այդ գաղափարը պետք է սերմանվի դպրոցից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին