Լեզվական խնդիրները՝ սեմինարի առանցքում (թարմացված)
Լեզուների ամբիոնն այսօր անցկացրեց հերթական գիտական սեմինարը, որի ընթացքում զեկուցումներ ներկայացրեցին դոցենտներ Ռուզաննա Խոստիկյանը, Վիոլետա Կարապետյանը և դասախոս Շողակաթ Հարությունյանը:
Ամբիոնի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Սուսաննա Չալաբյանը ողջունեց սեմինարի մասնակիցներին, ներկայացրեց թեմաները, ապա խոսքը տրամադրեց զեկուցողներին:
«Հոմանիշության նշանակալիությունը գործարար անգլերենում» թեման պարզաբանեց Ռուզաննա Խոստիկյանը: Նրա ելույթը ընդարձակ անդրադարձ էր տնտեսագիտական, մասնավորապես գործարար անգլերենում հանդիպող հոմանիշների իմաստային նրբերանգներին, կիրառման նպատակահարմարությանը: Մի քանի օրինակներ դիտարկելով՝ դոցենտը մեկնաբանեց, թե իմաստով իրար մոտ բառերից ինչպես կարելի է ընտրություն կատարել՝ մասնագիտական լեզվում միտքն առավել ճշգրիտ արտահայտելու համար:
Վիոլետա Կարապետյանի հոդվածը «Ձևաբանական շեղումների հարցերի շուրջ» (“К вопросу о морфологический деривации”) թեմայով էր: Օրինակներ մեջբերելով՝ նա ցույց տվեց, թե ռուսերենում ինչպես են կատարվում բառակազմական փոփոխությունները:
Սեմինարն ամփոփեց Շողակաթ Հարությունյանը՝մասնակիցների ուշադրությանը ներկայացնելով «Տնտեսագիտության լեզուն և լեզվի տնտեսումը» (“Язык экономики и экономика языка”) թեման: Դասախոսն իր դիտանկյունից մեկնաբանեց տնտեսագիտական լեզվում հանդիպող խնդիրները և անդրադարձավ անհարկի բառերի օգտագործման դեպքերին:
Սուսաննա Չալաբյանը մեզ տեղեկացրեց, որ ամբիոնի հերթական սեմինարը տեղի է ունենալու վաղը, և ելույթ են ունենալու հայոց լեզվի դասախոսները: Մասնավորապես դասախոսներ Ռեմիկ Մալոյանը հանդես է գալու «Հեղինակային նորաբանություններ» (Հ.Շիրազ), Զոյա Ստեփանյանը՝ «Հայկական լեռնաշխարհը որպես հնդեվրոպական լեզվի հայրենիք», Հասմիկ Ճոկլինյանը՝ «Դարձվածքները որպես խոսքի պատկերավորման միջոց» և բ.գ.թ., դոցենտ Արծվիկ Սուվարյանը՝ «Անորոշ դերբայի կիրառությունը ժամանակակից հայերենում և գերմաներենում» զեկուցումներով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին