ՀՊՏՀ հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի վարիչը մասնակցել է հեքիաթասացության և բարբառի 5-րդ մրցույթ-փառատոնին
ՀՊՏՀ հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարի Զաքարյանը մասնակցել է Հովհաննես Թումանյանի թանգարանում սեպտեմբերի 20-22-ն անցկացված «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի 5-րդ մրցույթ-փառատոնին: Նա Գողթան բարբառի Փառակայի խոսվածքով պատմել է «Կախարդի քսակը» իռլանդական հեքիաթը:
ՀՀ մշակույթի նախարարության և Հովհաննես Թումանյանի թանգարանի այս համատեղ նախաձեռնության նպատակն է վերակենդանացնել հեքիաթասացությունը՝ որպես բանահյուսական նյութի մատուցման կարևորագույն միջոց, խրախուսել բանավոր խոսքի մշակույթի զարգացումը:
Ի դեպ, ինչպես տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից, 2013 թվականին «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի փառատոնը հաղթող է ճանաչվել ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային կոմիտե) գագաթնաժողովի շրջանակներում իրականացվող ՍԵԿԱ-ի (ԻԿՕՄ-ի Կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտե) հայտարարած «Լավագույն փորձ» մրցույթում (Best Practice AWARD)՝ ընդգրկվելով «5 լավագույն փորձ» ծրագրերի շարքում:
Հ. Գ. Լուսանկարը՝ ՀՀ Մշակույթի նախարարության պաշտոնական կայքից
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին