ՀՊՏՀ Ուսանողի տանն արդեն ապրում են առաջին բնակիչները (լուսանկարներ)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նորակառույց և ամբողջությամբ նորովի կահավորված Ուսանողի տունը (հանրակացարան) իր հյուրընկալ դռներն է բացել իր ուսանողների առաջ և արդեն հյուրընկալել է առաջին բնակիչներին: Մեր համալսարան ընդունված ուսանողներից մի քանիսն արդեն սենյակ են զբաղեցրել ՀՊՏՀ Ուսանողի տանը և բավական տպավորված են:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այսօր շրջայց կատարեց այնտեղ` ծանոթանալով ուսանողների կեցության պայմաններին, ինչպես նաև ուսանողների տպավորություններին:
ՀՊՏՀ ղեկավարության ջանքերի շնորհիվ այսօր համալսարանը մեր բուհի ուսանողներին առաջարկում է կեցության հիանալի պայմաններ` ժամանակակից ջեռուցման համակարգով, տեխնիկայով/լայնէկրան հեռուստացույց/, օդորակիչներով, նորաոճ կահույքով, սանհանգույցներով և նույնիսկ անկողնային պարագաներով: Շուտով կգործարկվի նաև ճաշարանը, որի վերանորոգման աշխատանքները գրեթե ավարտված են: Իր առանձնահատուկ տեսքով աչքի է ընկնում նաև հանրակացարանի բակը, որը կանաչապատ ու գեղեցիկ է և առաջիկայում էլ ավելի կբարեկարգվի` ուսանողների համար դառնալով հանգստի լավ վայր:
ՀՊՏՀ մի քանի ուսանողներ արդեն բնակվում են Ուսանողի տանը. մեզ հետ զրույցում նրանք պատմեցին իրենց լավ տպավորությունների մասին: Արտյոմ Քոսալյանը և Սևակ Կյուրեղյանը ՀՊՏՀ Ուսանողի տան մասին հայտարարությանը ծանոթացել են ՀՊՏՀ պաշտոնական կայքից (asue.am): Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները տպավորված են իրենց առաջարկված պայմաններով:
«Համալսարանի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որ իր ուսանողներն իրենց լավ զգան և այնպիսի պայմաններում ապրեն, որ կարողանան նաև լավ սովորեն և բարձր առաջադիմություն ունենան: Այստեղ պայմանները շատ լավ են, գերազանցել են մեր սպասելիքները, վարձով տնից հազար անգամ լավ է` համ շատ մատչելի է, համ էլ` պայմաններն են շատ լավ», - մեզ հետ զրույցում ասաց Շիրակից մեր բուհ ընդունված Սևակ Կյուրեղյանը:
ՀՊՏՀ սիրելի ուսանողներ, համալսարանի Ուսանողի տունը մատչելի պայմաններով` գրեթե անվճար, ձեզ է առաջարկում հրաշալի պայմաններով կեցավայր: Սա մեր համալսարանի կողմից ուսանողների համար իրականցվող սոցիալական ծրագրերի մեկ բաղադրիչն է միայն: Սենյակ զբաղեցնելու համար ձեզ հարկավոր է միայն դիմել ձեր ֆակուլտետի դեկանատ և դիմում գրել:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին