Նոր նախագծի մեկնարկ. Տնտեսագիտական համալսարանում կիրականացվի էներգախնայողության միջոցառումների ծրագիր
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կիրականացվի էներգախնայողության միջոցառումների ծրագիր: Այս մասին պայմանագիրն ստորագրվեց այսօր համալսարանում՝ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի միջև:
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի խոսքով՝ այս ծրագիրը հնարավորություն կտա ՀՊՏՀ բոլոր մասնաշենքերում՝ այդ թվում Զեյթունում գտնվող ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մասնաշենքում համալիր միջոցառումների արդյունքում ապահովել էներգախնայողություն, որից համալսարանը ֆինանսապես կշահի: Մեկնարկող նախագծի արդյունքում լսարաններում, բուհի մասնաշենքերի մյուս բոլոր հատվածներում անհրաժեշտ ջերմաստիճանի պահպանման համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ:
Տնտեսագիտական համալսարանում էներգախնայողության միջոցառումները ներառում են երկու կաթսայատներում բնական գազով աշխատող առանձին կաթսաների և օժանդակ սարքավորումների փոխարինում, ջրամատակարարման և ջրահեռացման, օդափոխության համակարգերի վերակառուցում, արտաքին ջերմային ցանցի ջերմամեկուսացում, պատուհանների և արտաքին դռների փոխում, պատուհանագոգերի տեղադրում, ներքին պատերի կառուցում, պատերի ջերմամեկուսացում և ջերմաանդրադարձիչ թիթեղների տեղադրում:
«Սա մեր համալսարանում իրականացվող խոշորագույն ծրագրերից է, որը մենք շատ ենք կարևորում: Մի կողմից՝ սա հնարավորություն է տալու ժամանակակից պահանջներին համապատասխան էներգախնայողություն ապահովել, մյուս կողմից՝ այդ համատեքստում բարելավվել համակարգը»,- համոզված է Կորյուն Աթոյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին