«Ուսանողների շահերի պաշտպանություն». մեկնարկեց առաջին կուրսեցիների հետ ուսխորհրդի հանդիպումների շարքը

Դիտումների քանակ՝ 928

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը, նախագահ Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ, այսօր մեծ դահլիճում հանդիպեց հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի առաջին կուրս ընդունված ուսանողների հետ: Ինչպես նշեց Սևակ Խաչատրյանը, հանդիպման հիմնական նպատակն է իրազեկել 1-ին կուրսեցիներին ուսխորհրդի նպատակների, առաքելության, գործունեության մասին: Նախ նշվեց, որ   կառույցը ստեղծված է իրականացնելու մեկ բան` ուսանողների շահերի պաշտպանություն:

Հանդիպման սկզբում ուսխորհրդականները   ներկայացրեցրեցին ՀՊՏՀ ուսանողական խորհրդի պատմությունը (ստեղծվել է 1994 թ.), այնուհետև  տարբերանշանը, կառուցվածքը (նախագահ, փոխնախագահ, նախագահի տեղակալ), գործունեության հիմնական սկզբունքները, «Էկոնոմ plus»  ամսագիրը, ֆեյսբուքյան պաշտոնական էջը (ՀՊՏՀ ուսանողական խորհուրդ) և տեղեկություններ:

Կարևոր հանգամանք էր հատկապես այն, որ նորաթուխ ուսանողները հանդիպմանը տեղեկացան, որ ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է ծրագիր, որի շրջանակում բարձր առաջադիմություն ունեցող և հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանողներին տրամադրվում են ուսման վարձավճարի զեղչեր/100-120 հազ. դրամ/:

Խոսվեց նաև մեր համալսարանում ուսանողական խորհրդի կարևոր դերի մասին, մասնավորապես շեշտվեց, որ բուհի կառավարման մարմիններում ուսանողները 25 % մասնակցություն ունեն: Ակտիվ ուսխորհրդականները կարող են օգտվել բուհի ընձեռած մի շարք հնարավորություններից`անվճար հանգստանալ «Տնտեսագետ» մարզաառողջարանում և այլն:

Հանդիպման ընթացքում խոսվեց նաև գիտաժողովների, սեմինարների, պաշտոնական հանդիպումների մասին. ի դեպ` ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը գիտաժողովների է մասնակցում նաև արտերկրում:  Վերջում ուսխորհրդականները պատասխանեցին առաջին կուրսեցիների հարցերին:

Հանդիպման ավարտից հետո լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը Սևակ Խաչատրյանից տեղեկացավ, որ հանդիպման նպատակը նաև ուսխորհրդում առաջին կուրսեցիներին արագորեն ընդգրկելն է, ընդ որում` ուսխորհուրդը բաց է բոլոր ակտիվ  ուսանողների համար` անկախ նրանց առաջադիմությունից: Իսկ այն հարցին, թե ինչպես է համակարգվում առաջին կուրսեցիների ներգրավման աշխատանքը, ՈՒԽ նախագահը նշեց, որ բոլոր դիմող ուսանողներին, ըստ իրենց ունակությունների, իրենք ուղղորդում են ուսխորհրդի համապատասխան ենթակառուցվածքում աշխատելու /երգի, պարի, թատերական խմբեր  և այլն/ :

Սևակ Խաչատրյանը հավելեց, որ այժմ մշակում են  2013-2014 ուստարվա աշխատանքային ծրագիրը, որն ընգրկում է ամենատարբեր բնույթի նախաձեռնություններ, ինչպես օրինակ մարզամշակութային միջոցառումներ /ներբուհական/, այցելություններ մանկատներ և զորամասեր`համերգային ծրագրերով, նյութական աջակցությամբ և այլն:  ՀՊՏՀ ուսանողական խորհուրդն ակտիվորեն մասնակցում է Հայաստանի բոլոր երիտասարդական-ուսանողական  միջոցառումներին, այն նաև «Բազե»  համահայկական երիտասարդական հավաքի   բազմակի հաղթող է, համագործակցում է բոլոր բուհերի հետ:

Ուսխորհուրդն առաջիկա օրերին  կշարունակի իր հանդիպումները մյուս 5 ֆակուլտետների հետ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին