Դուք ունեք միայն մեկ խնդիր՝ լավ սովորել. ՀՊՏՀ ռեկտորը հանդիպեց կառավարման ֆակուլտետի առաջին կուրսեցիներին
«Դուք ունեք միայն մեկ խնդիր՝ լավ սովորել, մնացած խնդիրները՝ թե ուսման վարձերի, թե սոցիալական այլ հարցերի հետ կապված, փորձելու է լուծել բուհի ղեկավարությունը՝ գործողության մեջ դնելով հատուկ առաջին կուրսեցիների համար մշակված կանոնակարգը»,- այսօր կառավարման ֆակուլտետի առաջին կուրսեցիների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ ներկայացնելով Տնտեսագիտական համալսարանի կողմից մշակված և գործողության մեջ դրված սոցիալական ծրագրերը, որոնց նպատակը ուսանողների սոցիալական հոգսերը թեթևացնելն է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ից սկսած ՀՊՏՀ ռեկտորը հանդիպումների շարք է սկսել բուհի բոլոր ֆակուլտետների առաջին կուրսեցիների հետ և նրանց է ներկայացնում համալսարանի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը: Այսօրվա հանդիպմանը ևս ռեկտորը նշեց, որ պահպանելով զեղչերի նախկին համակարգը համալսարանն իր կողմից մշակված կանոնակարգով նախատեսում է 5-20.000 ամսական կրթաթոշակներ տրամադրել լավ սովորող (մոգը՝ սկսած 70,1-ից) ուսանողներին, մարզերից եկած ուսանողներին գրեթե անվճար ապահովել հանրակացարանով, նվազագույն գներով ապահովել ուսանողների սնունդը՝ ՀՊՏՀ նորաբաց ճաշարանում: Կորյուն Աթոյանը կոչ արեց բոլոր այն ուսանողներին, ովքեր իրենց սոցիալապես անապահով են համարում, դիմել դեկանատներ և դիմումներ գրել, որոնք կներկայացվեն ռեկտորատ և կստանան համապատասխան լուծումներ:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Տնտեսագիտական համալսարան ընդունվելու կապակցությամբ՝ ռեկտորը հույս հայտնեց, որ նոր ընդունվածները կկարողանան արագորեն ինտեգրվել բուհական կյանքին, ինչպես նաև կոչ արեց ակտիվացնել շփումները ուսանողական խորհրդի հետ: «Մեր ծրագրերը բազմաթիվ են՝ սկսած բուհի միջավայրը բարեկարգելուց մինչև կրթության որակի բարձրացում: Մենք պատրաստ ենք լսելու ձեր բոլոր առաջարկները, քննարկելու առկա բոլոր խնդիրները»,- հայտարարեց Կորյուն Աթոյանը՝ ուսանողներին հրավիրելով համալսարանի ղեկավարության հետ համագործակցության:
Վաղը ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի առաջին կուրսեցիների հետ հանդիպմամբ կավարտվի ուսանողների հետ ռեկտորի հանդիպումների շարքը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին