Տնտեսագիտականը հոգում է իր աշխատակիցների առողջության համար. մեկնաբանում է ՀՊՏՀ իրավաբանական բաժնի պետ Գայանե Տոռոզյանը
Բժշկական ապահովագրությունը հասարակության առողջության մասին հոգալու, առողջության պահպանության համակարգի կարևորագույն միջոց է: Այն նաև առողջ սերնդի վերարտադրության և կարևորագույն համակարգերից մեկի` առողջապահության զարգացման եղանակներից է:
Այսօր ՀՊՏՀ ղեկավարությունը իր աշխատակիցների համար հոգում է այս խնդիրը` լուծման իր ճանապարհով ու միջոցներով: ՀՊՏՀ իրավաբանական բաժնի պետ Գայանե Տոռոզյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի խնդրանքով ներկայացնում է այն սկզբունքը, որով բուհն առաջնորդվել է.
«Իր աշխատակիցների համար բժշկական օգնությունը առավել մատչելի դարձնելու նպատակով համալսարանը ֆինանսական հնարավորություն է տվել նրանց` կնքելու կամավոր բժշկական ապահովագրության պայմանագրեր` կիրառելով մի մոդել, որը լուծում է շատ կարևոր` սոցիալական հավասարության խնդիրը: Նշեմ, որ աշխատակիցների զգալի մասը կնքել է կամավոր բժշկական ապահովագրության պայմանագիր, որի համաձայն` ՀՊՏՀ-ն որպես փոխհատուցում վճարում է ապահովագրավճարի (տարեկան վճարը 1 անձի համար կազմում է 120. 000 դրամ) մի մասը: Մասնավորապես` պայմանագիր կնքած յուրաքանչյուր աշխատող յուրաքանչյուր ամիս վճարում է իր աշխատավարձի 1 տոկոսը, իսկ մնացածը բուհը փոխհատուցում է աշխատողին»:
Նշենք, որ սա համալսարանի աշխատակիցների սոցիալական խնդիրների լուծմանը, նրանց խրախուսելուն ուղղված հերթական քայլն է: Համալսարանի ղեկավարությունը, ավանդաբար, խրախուսում է աշխատակիցներին դրամական միանվագ պարգևատրումներով, հավելավճարներով՝ տարեկան 2 անգամ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին