Նոր ուսումնական տարին՝ նոր խաղի կանոններով. Կորյուն Աթոյանը հանդիպումների շարք է սկսել առաջին կուրսեցիների հետ

Դիտումների քանակ՝ 903

Հավատարիմ մնալով իր խոստմանը՝ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն այսօր սկսեց առաջին կուրսեցիների հետ իր հանդիպումների շարքը՝ մեկնարկը տալով ֆինանսական ու հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի առաջին կուրսեցիների հետ հանդիպումից: Ուսանողների հետ հանդիպմանը՝ որպես կազմակերպիչներ,  մասնակցում էին ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը, ինչպես նաև դեկաններ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ:

Սկզբում  համալսարանի ռեկտորն անդրադարձավ ուսման վարձերի բարձրացման խնդրին, փաստելով նաև, որ այս հարցը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Բուհի ղեկավարը թվերի լեզվով պարզաբանեց ուսանողներին, թե որքան է եղել համալսարանի նախորդ տարվա բյուջեն, ներկայացրեց դրա բաղադրիչները՝ շեշտելով, որ համալսարանի ամբողջ բյուջեի մի շատ փոքր հատվածն է հնարավոր ուղղել համալսարանի զարգացմանը, ուստի վարձերի բարձրացումը օբյեկտիվ պատճառներ ուներ: Կորյուն Աթոյանի խոսքով՝  ուսման վարձերի բարձրացմամբ /100-150 հազ. դրամ/  նպատակ կա  լուծելու մի շարք խնդիրներ, գլխավորապես խրախուսել սոցիալապես անապահով, բայց լավ սովորող երեխաներին, ինչպես նաև որոշակի գումարներ ուղղել բուհի զարգացմանը՝  նյութատեխնիկական բազայի թարմացմանը, համալսարանի բարեկարգմանն ու վերանորոգմանը, հետազոտական կենտրոնի զարգացմանը, միջազգային կապերի ամրապնդմանը և այլն:

 Ռեկտորը առաջին կուրսեցիներին հայտնեց, որ այս տարվանից համալսարանը հատուկ առաջին կուրսեցիների համար գործողության մեջ է դնում սոցիալական հատուկ փաթեթ, որի նպատակը ոչ միայն ուսանողների սոցիալական խնդիրների լուծումն է, այլև լավ սովորող երեխաներին խրախուսելը, կրթության որակը բարձրացմանը նպաստելը: Կորյուն Աթոյանը շեշտեց, որ նախկինում գործող զեղչի համակարգն ամբողջությամբ պահպանվում է, իսկ ներկայացվող համակարգը համալսարանի կողմից է գործողության մեջ դրվում, որի արդյունքում լավ սովորող / 4- , այսինքն` 70,1 կրեդիտ-ից սկսած / ուսանողը կարող է ստանալ 5-20 հազար դրամ ամսական կրթաթոշակ: Եթե այս ամենին գումարվի նաև կիրառված զեղչը, ստացվում է, որ ուսանողը վարձը զգալի նվազում է:

Բացի այդ, մարզերից եկած ուսանողների համար գրեթե անվճար լուծվելու է նաև հանրակացարանի հարցը: Նվազագույն գներով գործարկվել է  նաև  բուհի ճաշարանը, որն ուսանողների համար մատչելի սնունդ է ապահովում: Ուսանողների զգալի մասն իր ամառային հանգիստն անցկացնում է համալսարանի՝ Դիլիջանում գտնվող «Տնտեսագետ» մարզաառողջարանում:  Տնտեսագիտական մայր բուհի  համար մեծ նվաճում  էր հետազոտական կենտրոնի ստեղծումը, որի աշխատանքներին կարող են մասնակցել ինչպես դասախոսները, այնպես էլ ուսանողները, ու նաև վարձատրվել:  Կորյուն Աթոյանը նշեց, որ այս բոլոր ծրագրերը շարունակական բնույթ են կրում և պահանջում են ֆինանսական միջոցներ: Ահա սրանով էլ պայմանավորված է վարձավճարների որոշակի  բարձրացումը:

«Ուսման վարձերի բարձրացումից մեր եկամուտները չեն ավելացել: Մեր բուհում այս տարի նախորդ տարվա համեմատ մոտ 200-ով կրճատվել են առկա բակալավրիատի, մոտ 400-ով առկա մագիստրատուրայի տեղերը»,- հայտարարեց նա՝ ավելացնելով. «Մեր բոլոր խնդիրները, բուհում կատարվող բոլոր ծրագրերը միշտ քննարկվել ու քննարկվելու են ձեզ հետ: Այնպես որ առանց կաշկանդվելու դուք կարող եք ներկայացնել ձեր առաջարկները բուհում ընթացող գործընթացների, իրականացվող ծրագրերի վերաբերյալ»:

Այնուհետև ռեկտորը պատասխանեց ուսանողների հարցերին,  սոցիալական խնդիրներ ունեցողներին կոչ արեց հենց այսօրվանից դիմել դեկանատներ, չկաշկանդվել, քանի որ համալսարանի ղեկավարությունը պատրաստ է հոգալ բոլոր անապահով ուսանողների խնդիրները, եթե, իհարկե, նրանք լավ սովորեն և այն պայմանով, որ բարձր գնահատականի չհասնեն միջնորդություններով: «Նոր համակարգ է ներդրվում, և մենք պետք է համատեղ ուժերով այն կայացնենք: Նոր ուսումնական տարին սկսում ենք նոր խաղի կանոններով»,- հայտարարեց Կորյուն Աթոյանը: 

 Ռեկտորի հանդիպումները մյուս ֆակուլտետների առաջին կուրսեցիների հետ կշարունակվեն առաջիկա օրերին:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին