Հանուն ուսանողների հանգստի և ժամանցի. ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանը այս տարի ևս ապահովեց լիակատար հանգիստ

Դիտումների քանակ՝ 1152

«Տնտեսագետ» մարզաառողջարանում այս տարի իրենց ամառային հանգիստը վայելեցին ավելի քան 500 ՀՊՏՀ-ականներ: Վերջին` 4-րդ հերթափոխով /օգոստոսի 13-25-ը/  մարզաառողջարանում հանգստացան հիմնականում ուսանողները` ուսխորհրդի գլխավորությամբ:

ՀՊՏՀ ղեկավարությունը այս տարի ևս հաճելի անակնկալ էր մատուցել ուսանողներին` ուսանողական խորհրդին 4-րդ հերթափոխի համար հատկացնելով 50 անվճար ուղեգիր: Ավանդաբար՝ արդեն մի քանի տարի, բուհի ղեկավարությունը նման որոշում է կայացնում՝ այդպիսով խրախուսելով բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին:

ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանի պետ Հակոբ Կյոկչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արվել է այն ամենը,  ինչը նախատեսված էր ծրագրով: Ապահովվել է ժամանցի հետաքրքիր կազմակերպումը, որակյալ սնունդն ու լավ պայմանները: Հ. Կյոկչյանի խոսքերով` արվել է ամեն ինչ` լիակատար հանգիստ կազմակերպելու համար:

ՀՊՏՀ մագիստրատուրա 2-րդ կուրսի  ուսանող, «Էկոնոմ plus» ամսագրի գլխավոր խմբագիր  Հայկ Բեջանյանի տպավորություններով` մարզաառողջարանում վայելած օրերն անմոռանալի են. հարազատ դեմքեր, ուսանողական-երիտասարդական աշխույժ միջավայր, մաքուր օդ, վոլեյբոլի, շախմատի և այլ սպորտաձևերի մրցումներ ու ինտելեկտուալ խաղեր, այցելություններ պատմամշակութային վայրեր և վանական  համալիրներ, կիթառի երեկոներ և այլն: Մի խոսքով` լավագույնը դրական ու հաճելի հանգստի համար. այսպիսին է «Տնտեսագետ» մարզաառողջարանը:

Ինչպես նշեցին հանգստացողները` ամեն տարի մարզաառողջարանում նկատվում են դրական փոփոխություններ:

Ուսանողների խոսքերով` «Տնտեսագետ» մարզաառողջարանում վայելած հանգստի շնորհիվ նոր ուսումնական տարին կսկսեն մեծ եռանդով և ոգևորությամբ:

Լուսանկարը`ՀՊՏՀ ուսանողական խորհրդից

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին