Նոր ուսումնական տարվան ընդառաջ ՀՊՏՀ պրոռեկտորը հանդիպեց գրադարանի աշխատակիցների հետ

Դիտումների քանակ՝ 1002

2013-2014 ուսումնական տարվան ընդառաջ ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանն այսօր հանդիպեց համալսարանի գրադարանի աշխատակիցների հետ՝ քննարկելու գրադարանի աշխատանքների հետագա բարելավման, սպասարկման որակի բարձրացմանն առնչվող հարցեր: Ընդգծելով, որ համալսարանի ղեկավարությունը մշտապես իր ուշադրության ներքո է պահել գրադարանի զարգացման խնդիրը՝ Գագիկ Վարդանյանը շեշտեց, որ  մեր համալսարանի գրադարանային ֆոնդի համալրումը, սպասարկման որակի բարձրացումը, նոր ռեսուրսների գործադրումն ու արդյունավետ օգտագործումը  խիստ կարևոր են սկսված միջազգայնացման և հավատարմագրման գործընթացների համատեքստում:

«Էլեկտրոնային գրադարանների զարգացմանը զուգընթաց՝ գիրքը շարունակում է մնալ գիտելիքի յուրացման կարևոր աղբյուր և միջոց, ուստի գրադարանային ֆոնդի համալրման, սպասարկման որակի բարձրացման, էլեկտրոնային գրադարանի զարգացման հետ ակնկալում ենք ուսանողների շրջանում գիրք ընթերցելու մշակույթի պահպանումն ու զարգացումը»,- ասաց պրոռեկտոր Վարդանյանը:

Նա շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ գրադարանի նախկին տնօրեն Վեներա Ավալյանին՝ երկարատև և արդյունավետ աշխատանքի համար և նրան մաղթեց հաջողություններ դասախոսական աշխատանքում: Միաժամանակ Գագիկ Վարդանյանը ներկայացրեց գրադարանի նոր տնօրենին՝ Արմինե Հովհաննիսյանին՝ ընդգծելով, որ նա ոլորտի փորձառու աշխատակից է, ապա հույս հայտնեց, որ նրա ղեկավարությամբ կպահպանվեն սկսված փոփոխությունները, և գրադարանը ավելի կհմապատասխանի ժամանակակից պահանջներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին