Դիլիջանի ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարան մեկնեց 2-րդ հերթափոխը
Այսօրվանից մեկնարկեց Դիլիջանում գտնվող ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանի 2-րդ հերթափոխը: Առավոտյան կենտրոնական մասնաշենքի հարակից տարածքից Դիլիջան մեկնեցին ֆինանսներ մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները՝ կուրսղեկ, ֆինանսների ամբիոնի դոցենտ Կարինե Միքայելյանի ղեկավարությամբ:
«Առաջին կուրսից այս կուրսի կուրսղեկն եմ, և արդեն 3-րդ տարին է, որ միասին մեկնում ենք Դիլիջան, այնտեղ կազմակերպում մեր հանգիստը: Դիլիջանյան հանգիստն անկրկնելի է, լի հետաքրքրիր իրադարձություններով: Այն նպաստել է, որ ուսանողների միջև ստեղծվեն ջերմ ու մտերմիկ հարաբերություններ, ուսանողական կյանքը դարձնեն ավելի հիշարժան»,-լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Կարինե Միքայելյանը:
Վերջինս ուրախությամբ նշեց, որ իրենք մարզաառողջարանի սպասված հանգստացողներն են. ոչ միայն ակտիվորեն մասնակցում են բոլոր միջացառումներին, արշավներին, այլև օգնում են մաքրելու և գեղեցկացնելու տարածքը: Կարինե Միքայելյանը հույս հայտնեց, որ այս տարի ևս ուսանողները լիարժեք կհանգստանան, կկազդուրվեն և կվերադառնան ամառային հարուստ տպավորություններով:
«Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում ամառային հանգիստը կազմակերպելու մեր կուրսղեկի առաջարկությունը ընդունեցինք մեծ ոգևորությամբ: Եվ արդեն 3-րդ տարին է` ամառային անկրկնելի օրեր ենք անցկացնում այնտեղ: Դիլիջանում ապրում ենք ընտանիքի նման»,-մեզ հետ զրույցում նշեց մագիստրանտ Լուսինե Բատիկյանը և հույս հայտնեց, որ այս տարի ևս դիլիջանյան անմոռաց ու գեղեցիկ օրեր կանցկացնեն:
Նշենք, որ մարզաառողջարանի ուղեգրերի վաճառքը շարունակվում է: Ուղեգրերը, որոնք միայն ՀՊՏՀ ուսանողների և աշխատակիցների համար են, վաճառվում են ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման բաժնում, որն աշխատելու է նաև արձակուրդի շրջանում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին