Դիլիջանում զով եղանակ է. «Տնտեսագետ» մարզաառողջարանում հովեկների առաջին հերթափոխն է
Դիլիջանի Բլդան գետի ափին գտնվող ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանը հուլիսի 5-ին հյուրընկալորեն իր դռներն է բացել առաջին հերթափոխի հանգստացողների առջև: Արդեն 7 օր է, վերջիններս բնության գրկում վայելում են իրենց հանգիստը, փորձում թոթափել աշխատանքային տարվա հոգնությունը:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը այսօր հեռախոսով զրուցեց մարզաառողջարանի պետ Հակոբ Կյոկչյանի հետ: Նա նշեց, որ հովեկներին դիմավորել են պատշաճորեն, կազմակերպել նրանց տեղավորումը տնակներում ու քոթեջներում, լուծել ծագած խնդիրները: Այս օրերի ընթացքում բոլորն արդեն հասցրել են մտերմանալ, ստեղծել ջերմ մթնոլորտ:
«Դիլիջանում այս պահին զով եղանակ է, ու թեթև անձրև է մաղում: Հանգստացողները քաղաքի շոգից ու տապից, թոհուբոհից ու աղմուկից հեռու լիցքաթափվում են ու կազդուրվում»,- ասաց Հակոբ Կյոկչյանը և հույս հայտնեց, որ մարզաառողջարանի ոչ միայն առաջին, այլև բոլոր հերթափոխերի բնակիչները կվերադառնան հանգստացած, լի հարուստ տպավորություններով:
Տեղեկացնենք, որ հուլիսի 11-ից ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմը մեկնել է արձակուրդ: Նրանք աշխատանքի կներկայանան օգոստոսի 28-ին: Իսկ ՀՊՏՀ աշխատակիցների համար առաջիկա շաբաթը կլինի վերջին աշխատանքայինը (բացառությամբ առանձին ստորաբաժանումների մի քանի աշխատակիցների):
Մաղթում ենք բոլորին լիարժեք հանգիստ և ամառային հարուստ տպավորություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին