Lույս է տեսել «Տնտեսագետ» ամսագրի մայիս-հունիսյան համարը

Դիտումների քանակ՝ 1461

«Տնտեսագետի» սիրելի ընթերցողներ, ամսագրի մայիս-հունիսյան համարը պատրաստ է:
Շապիկն ազդարարում է, որ անցած երկու ամիսներին համալսարանի ուշադրության կենտրոնում է գտնվել շրջանավարտների թեման: Ամսագիրն սկսվում է բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին ուղղված ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի խոսքով: Ընդարձակ անդրադարձ կա մայիսի 25-ին համալսարանի բակում տեղի ունեցած աշխատանքի տոնավաճառին, որը նույնպես անմիջականորեն աղերսվում է շրջանավարտների թեմային: 

«Տնտեսական խճանկար», «Անվանի տնտեսագետները», «Հայրենիքը սկսվում է բնությունից», «Ամենակարևորի մասին», «Վարքուբարք» խորագրերի հոդվածների, ինչպես նաև մյուս նյութերի հեղինակները կրկին ձեզ ասելիք ունեն:
Ամսագիրն ավարտվում է ԱՐՁԱԿ-2013 պատմվածքի մրցույթի եզրափակիչ հանդիսությանը անդրադարձով, որին հաջորդում է գրական էջը` հաղթող քառյակի «Հո դու բիձա՞ չես» պատմվածքով: 
«Լուսանկարային լրաշարքը», ինչպես միշտ, հետահայաց անդրադառնում է անցած երկու ամիսների համալսարանական կարևոր իրադարձություններին: Համարը հարուստ է նաև բուհի մարզական կյանքի մասին պատմող նյութերով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Տնտեսագետի» այս թողարկումը մի փոքր այլ կերպ է բաշխվել. արդեն բաժանվել է համալսարանի բոլոր ամբիոններին ու ստորաբաժանումներին, մի առանձին խմբաքանակ էլ նախատեսվում է բաժանել հուլիսի 9-ին կայանալիք շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսության ժամանակ: 
Սիրելի ուսանողներ, ձեզ համար նախատեսված խմբաքանակն այս անգամ դեկանատներ չի առաքվել, քանի որ այս օրերին` քննաշրջանի ավարտից հետո, ձեզանից քչերն են լինում համալսարանում: Ուստի, որպեսզի ձեզ հասանելի լինի նոր հրապարակումը, էլեկտրոնային տարբերակն արդեն ներբեռնվել է ՀՊՏՀ պաշտոնական asue.am կայքում: 
Ամսագրային օրինակը ցանկացողները կարող են ստանալ ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հաճելի ընթերցում ենք մաղթում բոլորին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին