Մարզական հաջողությունների բերկրանքը. կայացավ «Մարզական զարթոնք-2013» միջոցառումը

Դիտումների քանակ՝ 1093

ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում այսօր տեղի ունեցավ սպասված «Մարզական զարթոնք-2013» միջոցառումը` գեղարվեստական բացմամբ: ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոն Հակոբյանը, ով վարում էր միջոցառումը, հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ամփոփ ներկայացնելով 2012-2013 ուս. տարվա մեր համալսարանի մարզական ձեռքբերումներն ու հաղթանակները և նշեց, որ ավարտվող ուսումնական փուլում ամբիոնը ներդրել է «ռիթմիկ մարմնամարզություն» սպորտի յուրահատուկ ձևը, որն ուսանողների կողմից մեծ հավանության է արժանացել: Ս. Հակոբյանը շեշտեց, որ այս տարի մեծ ուշադրություն է դարձվել ուսանողների տեսական գիտելիքների ամրապնդմանը, ինչը միշտ պետք է կարևորել: Այնուհետև նա ներկայացրեց հյուրերին. ՀՊՏՀ-ում հյուրընկալվել էին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, «Հայաստան» մարզական ընկերության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռազմիկ Սուլթանյանը, Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ Սամվել Խաչատրյանը, լողորդուհի Հռիփսիմե Ջիլավյանը , մարզական լրագրողներ և այլք: Միջոցառմանը մասնակցում էին ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և բուհի ղեկավարությունը՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ:

Վոլեյբոլի զարգացման գործում մեր համալսարանի ունեցած ավանդի համար Ռազմիկ Սուլթանյանը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի  անունից պատվոգիր հանձնեց ռեկտոր Կորյուն Աթոյանին: Ողջույնի խոսքով հանդես եկավ անվանի լողորդուհի Հռիփսիմե Ջիլավյանը, ով կոչ արեց երկարացնել կյանքի երիտասարդ տարիները`զբաղվելով սպորտով: ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը ևս հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ընդգծելով սպորտի զարգացման գործում ՀՊՏՀ կատարած քայլերի կարևորությունն ու այդ կապակցությամբ իր գոհունակությունը հայտնելով բուհի ղեկավարությանը:
Միջոցառման ընթացքում պարգևատրվեցին հանրապետական խաղերում մրցանակներ նվաճած ՀՊՏՀ-ուսանողները: Հանրապետական մարզական 14-րդ խաղերում սեղանի թենիս և շախմատ սպորտաձևերում մրցանակային 2-րդ տեղը գրաված աղջիկների հավաքականները պարգևատրվեցին պատվոգրերով: Առանձնահատուկ կերպով ընդգծվեց վոլեյբոլի աղջիկների մեր հավաքականի հաղթանակը. թիմը միջբուհական մրցույթում նվաճել է չեմպիոնի տիտղոսը: 
Սիմոն Հակոբյանը մեր համալսարանի մարզական կյանքում կարևոր ձեռքբերում համարեց խորհրդային ՊԱՊ / պատրաստ աշխատանքի և պաշտպանության/ համալիրի օրինակով Զարթոնք համալիրի ստեղծումը: Այն հաջողությամբ հանձնել են 57 ուսանողներ, ովքեր այսօր արժանացան պատվոգրերի և հատուկ կրծքանշանների, որոնք ուսանողներին հանձնեցին ֆակուլտետի դեկանները: 
Պատվոգրեր ստացան նաև «Ռեկորդների օր» մրցումներում 1-3-րդ մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողները: 
Հատուկ մրցանակների արժանացան մի քանի ուսանողներ` տարբեր անվանակարգերում /«Արդարացի խաղ», «Կամքի ուժ» և այլն/: Ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնը իր հետ համագործակցության համար սահմանել էր նաև հատուկ մրցանակներ, որոնք հասցեատերերին հանձնեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը. նա պատվոգրեր հանձնեց ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գլխավոր խմբագիր Գոհար Գևորգյանին, հաշվապահական հաշվառում և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանին /«Ամենաակտիվ երկրպագու» անվանակարգում/, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռազմիկ Սուլթանյանին: 
Շնորհակալական ուղերձով հանդես եկավ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ ողջունելով գեղեցիկ մարզական հաշվետվության մասնակիցներին: «Շնորհակալություն, որ իրենց ներկայությամբ այսօր մեզ պատվել են սպորտում մեծ ավանդ ունեցող մարդիկ: Իմ և մեր գործընկերների անունից գոհունակություն եմ հայտնում ձեռք բերած մարզական հաջողությունների համար: Ասում են՝ կյանքում ամենամեծ բերկրանքը վայելում են մարզիկները` հաղթանակի պահին: Մենք գոհունակություն ենք հայտնում ձեռքբերված հաջողությունների առիթով, բայց նաև ավելիին հասնելու ակնկալիք ունենք»,- ասաց ռեկտորը՝ շնորհակալություն հայտնելով ամբիոնին, ինչպես նաև վերահաստատելով իր աջակցությունը բոլոր դրական նախաձեռնություններին:
Միջոցառմանը առանձնահատուկ երանգ հաղորդեցին ՀՊՏՀ ուսանողուհի, պարուսույց Աննա Ալեքսանյանի փոքրիկ սաները; Նա ևս ստացավ պատվոգիր: 
Միջոցառումը եզրափակեց Սիմոն Հակոբյանը` շնորհակալություն հայտնելով ռեկտոր Կորյուն Աթոյանին, իր ամբիոնի աշխատակիցներին, դեկաններին և դասախոսներին, ուսխորհրդին և արհմիությանը` աջակցության համար: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին