Կառավարման ֆակուլտետի դեկանը մասնակցել է տեղական կառավարման խնդիրներ արծարծող համաժողովի

Դիտումների քանակ՝ 919

ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկան Միքայել Թավադյանը երեկ մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» խորագրով համաժողովի աշխատանքներին: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց Միքայել Թավադյանը՝ նշելով, որ համաժողովին ներկա են եղել Եվրոպայի խորհրդի փորձագետներ, ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից, ՀՀ Ազգային ժողովից, Երևանի քաղաքապետարանից, ՀՀ մարզպետարաններից և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական և միջազգային տարբեր կազմակերպություններից, բուհերից: 
«Մատենադարանի նորաբաց մասնաշենքի հանդիսությունների սրահում մենք հնարավորություն ունեցանք լսելու ժողովրդավարության հիմնախնդիրներով զբաղվող եվրոպական փորձագետների, որոնք իրենց ելույթներում կարևորեցին տեղական մակարդակով ժողովրդավարության ընդլայնումը, առաջարկեցին ուղիներ, որոնք հնարավորություն կտան մունիցիպալ մակարդակում լայն հասարակայնությանը մասնակից դարձնել կառավարման հիմնախնդիրներին»,-մեզ հետ զրույցում նշեց Միքայել Թավադյանը և ավելացրեց, որ ինքը համաժողովի աշխատանքներին հրավիրվել էր մասնակցելու որպես կառավարման մասնագետներ թողարկող ֆակուլտետի դեկան: Միքայել Թավադյանի խոսքով`ժողովրդավարության սահմանների ընդլայնմանը նպաստելու առաքելություն ունեցող այս համաժողովում կարևորվեց նաև պետական և մունիցիպալ կառավարման մասնագիտությամբ ավարտած երիտասարդ կադրերի դերը: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին