Անգլերեն դասախոսություններ՝ Ժնևի ՈւՄԵՖ համալսարանի պրոֆեսորների բանախոսությամբ
Հայաստանի պետական տնտեսագիտական և շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանների միջև փոխգործակցությունն ընդլայնվում է. «Գործարար կառավարում» համատեղ մագիստրոսական ծրագրի իրականացումից բացի, շվեյցարական համալսարանի պրոֆեսորները բաց դասախոսություններ կվարեն ՀՊՏՀ ուսանողների համար: Նախաձեռնությունը մեր համալսարանում նշված մագիստրոսական ծրագրի համակարգող, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանինն է: Դասախոսությունների մեկնարկը տրվեց այսօր, «Էլեկտրոնային ֆինանսների համաշխարհային միտումները, էլեկտրոնային վճարումներ և վիճակագրական բազա» թեմայով հանդես եկավ տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանը, ով այժմ «Կորպորատիվ ֆինանսներ» է դասավանդում վերոնշյալ ծրագրի մագիստրանտներին:
Հանդիպմանը ներկա էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, Խորեն Մխիթարյանը, գիտական լաբորատորիաների ղեկավարներ, ամբիոնների և վարչական ստորաբաժանումների ղեկավարներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Գագիկ Վարդանյանը ողջույնի խոսքում բարձր գնահատեց ՈւՄԵՖ համալսարանի հետ համագործակցությունը, ի ուրախություն ուսանողների, տեղեկացրեց, որ շվեյցարական բուհի դասախոսները շուտով անցկացնելու են նաև անգլերենի անվճար դասընթացներ՝ ՀՊՏՀ ավագ կուրսերում՝ սովորողների լեզվիմացության մակարդակը բարելավելու նպատակով:
Դասախոսության ընթացքում Էդվարդ Սանը ընդգծեց, որ տեխնոլոգիական ինովացիան նոր ֆինանսական մարտահրավերներ է առաջադրում՝ վերափոխելով ֆինանսական կազմակերպությունների գործառույթները, որոշ դեպքերում՝ նվազեցնելով նրանց դերը: Պրոֆեսորը բնութագրեց ժամանակակից ֆինանսական համակարգը, համացանցի ի հայտ գալուց հետո դրա զարգացման ճանապարհը, առանձնահատուկ կանգ առավ էլեկտրոնային ֆինանսների, առցանց վճարումների և համացանցային առևտրի առանձնահատկությունների վրա, դիտարկեց ռիսկերը: Էդվարդ Սանը պատասխանեց լսարանի հարցերին:
Մեզ հետ զրույցում Խորեն Մխիթարյանը հույս հայտնեց, որ այս դասախոսությունները ՀՊՏՀ-ականներին արդիական գիտելիքներ կհաղորդեն, միաժամանակ կզարգացնեն տնտեսագիտական անգլերենի իմացությունը:
«Արտերկրում դասավանդման մեթոդները տարբեր են, գործնական մասն ավելի շատ է, ուստի այս տեսանկյունից էլ կարևոր է, որ հյուրընկալվող դասախոսների միջոցով մեր ուսանողները ծանոթանան օտարերկրյա կրթական փորձին»,-ասաց Խորեն Մխիթարյանը:
ՀՊՏՀ Լրտավության և հասարակայնության հետ կապերի բաժին