Վերլուծվեցին ՀՀ և տարբեր երկրների մակրոտնտեսական ցուցանիշները

Դիտումների քանակ՝ 2722

Սեմինարներից հերթականը մակրոէկոնոմիկայի ամբիոնինն էր, որի ներկայացուցիչներն այսօր հանդես եկան մեր երկրի, զարգացող և զարգացած երկրների մակրոտնտեսական ցուցանիշները բնութագրող գիտական հետազոտություններով: Մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, մակրոէկոնոմիկայի ամբիոնի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ասպիրանտներ, ուսանողներ:

Բացման խոսք ասաց Գագիկ Վարդանյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ակնկալվում է   սեմինարների արդյունքում մշակել երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված առաջարկություններ:

Առաջին զեկուցողը Կարեն Գրիգորյանն էր, ով վերլուծություն ներկայացրեց աշխարհի մի շարք երկրների մակրոտնտեսական իրավիճակի վերաբերյալ, առանձին դիտարկեց երկրների տնտեսության վրա ամենամեծ ազդեցությունն ունեցող ԱՄՆ-ի տնտեսական աճը, որը 2016-ին գնահատվել է 1,7 %: Գնահատվեց  Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային տնտեսական զարգացումների ազդեցությունը:

«Մակրոտնտեսական զարգացումները ՀՀ-ում՝ ԵԱՏՄ անդամակցության պայմաններում» թեման պարզաբանեց տ.գ.թ., դոցենտ Հայկազ Հովհաննիսյանը:

Զեկուցողի համոզմամբ՝ դեռևս չկան հստակ հիմնավորումներ, որի համաձայն կարելի է գնահատել տնտեսական կառույցին անդամակցելուց հետո Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը, այնուամենայնիվ, իրավիճակը գնահատելու համար նա ներկայացրեց Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները անդամակցությունից առաջ և հետո: Եզրակացությունը հետևյալն էր՝ ԵԱՏՄ-ն նպաստել է մեր երկրի արտաքին առևտրի ծավալի աճին, սակայն նվազել են օտարերկրյա ներդրումները:

Տնտեսության ոլորտային վերլուծություն կատարեց ասպիրանտ Վազգեն Պողոսյանը, ով աշխատում է ԿԲ դրամավարկային քաղաքականության բաժնում: Նա կանգ առավ տնտեսության իրական և ֆինանսական հատվածների վրա: Վերհանելով Թուրքիայի մակրոտնտեսական սխալները՝ ասպիրանտը ցույց տվեց, թե Հայաստանի դեպքում  ինչպես կարելի է խուսափել դրանցից:

Հնչեցին նաև այլ զեկուցումներ. տ.գ.թ. Վարսիկ Տիգրանյանը ներկայացրեց «Հակապարբերաշրջանային քաղաքականության արդյունավետության ինդեքսը» զեկուցումը, ասիստենտ  Մելանյա Ղարագյոզյանը՝ «Գնաճի նպատակադրման կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքները»:  Ամբիոնի դոցենտներ, տ.գ.թ., Ծովինար Կարապետյանը, Արփենիկ Մուրադյանը, Քնարիկ Վարդանյանը, Արմենուհի Ջանջոյանը, Անահիտ Բաղդասարյանը և Ռուբեն Ղանթարչյանը ամփոփ խոսեցին իրենց կատարած հետազոտությունների մասին:

Եղան հարցադրումներ, ծավալվեց քննարկում, լայն արձագանք գտավ ԵԱՏՄ կազմում մեր երկրի տնտեսական վիճակի գնահատման հետ կապված հարցը, ներկայացվեցին տարբեր դիտարկումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին