ՈՒԳԸ 35-րդ հոբելյանական նստաշրջանի հաղթողներին ռեկտոր Կորյուն Աթոյանը պարգևատրեց դրամական մրցանակներով (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1017

Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) «ՀՀ տնտեսության զարգացման հիմնախնդիրները» խորագրով 35-րդ հոբելյանական համահամալսարանական գիտաժողովի հաղթողներին այսօր ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը պարգևատրեց դրամական մրցանակներով՝ բոլոր բաժանմունքների առաջին մրցանակակիրներին՝ 30 հազար, 2-րդ տեղը զբաղեցրած ուսանողներին՝ 25 հազար, 3-րդ տեղը զբաղեցրածներին՝ 20 հազար դրամ պարգևներով:

Հիշեցնենք, որ ՈՒԳԸ հոբելյանական գիտաժողովն անցկացվել էր մայիսի 31-ից հունիսի 2-ը՝ Ծաղկաձորում: Ռեկտորը մասնակցել է նստաշրջանի փակման արարողությանը, իսկ նստաշրջանի ամբողջ ընթացքում բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ միասին ուսանողների կողքին է եղել նաև գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը:
«Ձեր հաջողությունները շատ խրախուսելի են, բավական հետաքրքիր աշխատանքներ կային: Լավ տնտեսագետ դառնալու համար շատ կարևոր են հետազոտելու, վերլուծելու կարողությունները, որոնք պետք է զարգացնել»,- իր աշխատասենյակում մրցանակակիրների հետ հանդիպմանն ասաց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: Նա հետաքրքրվեց ուսանող-հետազոտողների հետագա ծրագրերով, նրանց մաղթեց անձնական և աշխատանքային հաջողություններ, իսկ բուհում ուսումը շարունակելու ցանկություն ունեցողներին հայտնեց, որ մեր համալսարանում ստեղծվել է հետազոտական կենտրոն, որը լավ հնարավորություններ կարող է ընձեռել նաև ուսանող հետազոտողներին:
«Ես ակնկալում եմ բուհի ղեկավարության հետ ձեր համագործակցությունը կրթության որակի բարձրացման, քննական համակարգի բարելավման և առկա խնդիրները լուծելու հարցում, ինչը կարևոր է և մեր համալսարանի համար, և մեր պետության համար»,- ուսանողներին ասաց համալսարանի ռեկտորը՝ ևս մեկ անգամ շնորհավորելով մրցանակակիրներին:
ՈՒԳԸ նախագահ Վլադիմիր Գևորգյանը ուսանողների անունից շնորհակալություն հայտնեց ռեկտոր Կորյուն Աթոյանին: «Այս հաջողությունները, որ ունենք Ձեր շնորհիվ է, Ձեր աջակցության շնորհիվ է, որ այս հոբելյանական նստաշրջանը կարողացանք անցկացնել Ծաղկաձորում: Շնորհակալություն միշտ մեզ աջակցելու և մեր կողքին լինելու համար»,- նշեց ՈՒԳԸ նախագահը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին