ՄԱԿ-ի ներկայացուցիչները այցելեցին ՀՊՏՀ

Դիտումների քանակ՝ 1616

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի տնտեսական համագործակցության և ինտեգրման բաժնի ներկայացուցիչներ` բաժանմունքի ղեկավար Ժոզե Փալասինը և աշխատակից Քրիստոֆեր Աթեյը այսօր ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի հետ հանդիպման շրջանակներում քննարկեցին Հայաստանի նորաստեղծական զարգացման նախագծին, այդ շրջանակներում ՄԱԿ-ի եվրոպական փորձագետների աջակցության ձևաչափին առնչվող հարցերը:
Հյուրերին ուղեկցում էր ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահի խորհրդական, քիմիական գիտությունների թեկնածու Աշոտ Խանդանյանը:

Զրույցի ընթացքում Ժոզե Փալասինը ներկայացրեց ՀՀ նորաստեղծական զարգացման նախագծի հիմնադրույթները. ընթացիկ տնտեսական և նորաստեղծական գործունեություն, ազգային նորաստեղծական համակարգ և նորաստեղծական գործունեության կառավարում, շրջանակային պայմաններ, քաղաքականություն ու գործիքներ, գիտելիքի ստեղծում և նորաստեղծական զարգացման աջակցության ինստիտուտներ, գիտություն-արտադրություն կապ և գործակցությունը նորաստեղծական գործընթացներին, նորաստեղծական ձեռնարկատիրության ֆինանսավորում, նորաստեղծական գործունեության դերը միջազգային տնտեսական ինտեգրման գործում, նորաստեղծական կողմնորոշմամբ ներդրումային նախագծեր: Նշված զարգացումները Ժոզե Փալասինը կարևորեց Հայաստանի առջև կանգնած մարտահրավերների տեսանկյունից` այս գործընթացներում ընդգծելով Հայաստանի համալսարանների ներգրավվածությունը և նրանց մտավոր ներուժի գործադրումը: ՄԱԿ-ի ներկայացուցիչը հույս հայտնեց, որ իրենց առաքելությունը Հայաստանում հաջողություն կունենա:
ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, կարևորելով ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի առաքելությունը, շնորհակալություն հայտնեց այդ աջակցության համար և ներկայացրեց Հայաստանի նորաստեղծական զարգացման ուղղությամբ հայաստանյան գիտնականների տեսլականը: Պրոֆեսոր Վարդանյանը հյուրերին պատմեց, որ այս ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են նաև մեր համալսարանում` նորաստեղծ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում` հույս հայտնելով, որ այնտեղ կատարվելիք հետազոտությունները կնպաստեն ներկայացվող նախագծի իրականացմանը: Նա գոհունակությամբ նշեց, որ համալսարանի խորհուրդն իր համաձայնությունն է հայտնել հետազոտությունների պատշաճ ֆինանսավորման համար:
Ազգային նորաստեղծական համակարգի ձևավորման գործում Գագիկ Վարդանյանը միաժամանակ կարևորեց Հայաստանի այնպիսի առաջատար բուհերի դերը, ինչպիսիք են ԵՊՀ-ն, ՀՊՃՀ-ն և ԵՊԲՀ-ն:
Հանդիպման ավարտին պրոռեկտորը հյուրերին առաջնորդեց միջազգային համագործակցության նորակառույց կենտրոն` առաջարկելով հետագա քննարկումներն անցկացնել այնտեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին