ՀՊՏՀ երիտասարդ գիտնականներն արժանացել են բարձր պարգևների

Դիտումների քանակ՝ 1052

ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դոցենտ Վիլեն Խաչատրյանը և կառավարման ֆակուլտետի շրջանավարտ Դավիթ Հարությունյանը մասնակցել են ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող` «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հայտարարած երիտասարդ գիտնականների մրցույթին` տնտեսագիտություն և իրավագիտություն անվանակարգում: Դավիթ Հարությունյանն արժանացել է Մխիթար Գոշի անվան 1-ին, իսկ Վիլեն Խաչատրյանը` 2-րդ մրցանակի: Երիտասարդ գիտնականներին այս բարձր պարգևը շնորհվել է միջազգային գիտական պարբերականներում հրապարակած գիտական հոդվածների, միջազգային գիտաժողովների մասնակցության և ծավալած գիտական գործունեության համար: Այս անվանակարգում մրցանակային 3-րդ տեղը թափուր է մնացել:
Հունիսի 7-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխությունը: Պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, գիտության բանագավառի ներկայացուցիչներ: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց Վիլեն Խաչատրյանը:
«Մեծ պատիվ է, որ իմ ծավալած գիտական գործունեությունը նման բարձր գնահատականի արժանացավ: Այս մրցանակը պարտավորեցնում է` ընդլայնելու իմ գիտական ուսումնասիրությունների շրջանակը»,-մեզ հետ զրույցում ասաց Վիլեն Խաչատրյանը և կոչ արեց երիտասարդ գիտնականներին լրջորեն զբաղվելու հետազոտական աշխատանքներով: Մենք զրուցեցինք նաև Դավիթ Հարությունյանի հետ, ով իր խոսքում նշեց. «Հպարտ եմ և ուրախ, որ այս համալսարանի սանն եմ եղել և իմ առաջին գիտական հրապարակումները լույս են տեսել ՀՊՏՀ «Տնտեսագետ» ամսագրում: Հենց այդ հրապարակումները, դրանց մասին մեր հարգարժան դասախոսների ոգևորիչ արձագանքներն էլ դարձան յուրօրինակ մի խթան, որպեսզի հետագայում ավելի լրջորեն զբաղվեմ գիտական գործունեությամբ»: Երիտասարդ գիտնականը հորդորեց ուսանող հետազոտողներին հետևել իր ուսանելի փորձին:
Շնորհավորում  ենք երիտասարդ գիտնականներին և մաղթում նորանոր նվաճումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին