ՀՊՏՀ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկանը հետազոտություններ կանցկացնի Գերմանիայի Յենայի համալսարանում
ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը Գերմանիայի «Արտաքին ակադեմիական փոխանակման ծառայություն (DAAD)» ծրագրի շրջանակում հուլիս, օգոստոս ամիսներին Գերմանիայի Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան հանրահայտ համալսարանում կմասնակցի «Հետազոտական դրամաշնորհներ-կրկնակի հրավեր» ծրագրի աշխատանքներին:
«Ինձ հնարավորություն է ընձեռվել աշխատելու Յենայի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ինովացիոն հետազոտությունների կենտրոնում: Ասեմ, որ վերոնշյալ կենտրոնում ամառային ամիսներին իրականացվում է շատ ուշագրավ մի միջոցառում ևս` ամառային ակադեմիա, որի ընթացքում մոտ 4 տասնյակ դոկտորանտներ ներկայացնում են իրենց հետազոտական ատենախոսությունների հիմնական դրույթները, իսկ կազմակերպվող սեմինար-քննարկումներին մասնակցում են աշխարհի տարբեր համալսարաններից հրավիրված նշանավոր տնտեսագետներ»,-մեզ հետ զրույցում ասաց Ատոմ Մարգարյանը և ավելացրեց, որը վերոնշյալ հետազոտական կենտրոնի տնօրեն, Յենայի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի միկրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Ուվե Քանթները իրեն ևս հրավիրել է մասնակցելու ամառային ակադեմիայի աշխատանքներին: Դեկանն ընդգծեց, որ սա նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, նրա կարողություններն ու ներուժը ներկայացնելու հիանալի առիթ է, ինչպես նաև՝ հետագայում հիշյալ համալսարանի հետ համագործակցություն ապահովելու լավ հնարավորություն:
Ատոմ Մարգարյանը նշեց նաև, որ ինքը դեռևս 1991-1992 թվականներին եղել է Գերմանիայի «Արտաքին ակադեմիական փոխանակման ծառայություն (DAAD)» ծրագրի առաջին կրթաթոշակառուներից մեկը և մեկ տարի հետազոտական ծրագրեր է իրականացրել սկզբում Կոնստանցի, այնուհետև Աուգզբուրգի համալսարաններում: Դեկանի խոսքով` այդ տարիներից ի վեր պահպանել է կապը գերմանացի գիտնականների հետ և տարբեր ժամանակահատվածում DAAD-ի նախագահի հրավերով մասնակցել դրամաշնորհային ծրագրերի, իրականացրել գիտական հետազոտություններ: Ատոմ Մարգարյանը հայտնեց նաև, որ «Հետազոտական դրամաշնորհներ-կրկնակի հրավեր» ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է DAAD-ն: Գերմանական կողմը հոգում է բոլոր ծախսերը, ապահովում արդյունավետ հետազոտություններ անցկացնելու համար նպաստավոր միջավայր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին