«Տեմպուս» ծրագրերի մեր տարածաշրջանի պատասխանատու Ֆրանց Շտեյդելը այցելեց ՀՊՏՀ

Դիտումների քանակ՝ 1037

Գործընկերային այցով այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հյուրընկալվեց Եվրոպական հանձնաժողովի Բրյուսել ԵՄ կրթության տեսաձայնային և մշակութային գործակալության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի «Տեմպուս» ծրագրերի պատասխանատու Ֆրանց Շտեյդելը: 
Հիշեցնենք, որ առաջին անգամ է, որ «Տեմպուս» ծրագրի «Արարատ» համակարգողը հայաստանյան բուհն է` ՀՊՏՀ-ն:
Միջոցառմանը հրավիրված էին «Տեմպուսի» «Արարատ» ծրագրի գործընկերները ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Հայաստանում «Տեմպուս» ծրագրի ազգային գրասենյակից, գործընկեր համալսարաններից, Հայաստանի ուսանողական ազգային ասոցացիայից:

Նշենք, որ «Արարատ» ծրագրի համակարգող մեր բուհն անցած ամիսներին ամբողջությամբ վերանորոգել է բուհի մի հատված՝ հագեցած նորագույն տեխնիկայով, նախատեսված հատուկ նշված միջազգային ծրագրի անցկացման համար: Ֆրանց Շտեյդերը այցելեց նաև այդ կենտրոն, ապա ծրագրի ընթացքին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ իր հիացմունքը հայտնեց նորակառույց կենտրոնի մասին: «Տեմպուս» ծրագրերի մեր տարածաշրջանի պատասխանատուն գոհունակություն հայտնեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից հատուկ «Տեմպուսի» ծրագրի իրականացման համար նման կենտրոն վերակառուցելու կապակցությամբ, ապա հավելեց, որ ինքը մեր երկրում է «Տեմպուսի» հայաստանյան ծրագրերի ընթացքին ծանոթանալու, ինչպես նաև քննարկումներ անցկացնելու նպատակով: Ֆրանց Շտեյդերն ընդգծեց, որ «Տեմպուսի» ծրագրերը միտված են համալսարանների առաջընթացին և վերջնարդյունքում նպատակ են հետապնդում ավելի կրթված և բանիմաց ուսանողներ ունենալ:

ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ողջունելով հյուրին, նշեց, որ երբ մեր բուհը դարձել է «Արարատ» ծրագրի համակարգող, ի սկզբանե որոշվել է հատուկ կենտրոն ստեղծել այդ ծրագրի արդյունավետ իրականացման համար: 
Հայաստանում «Տեմպուս» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց հյուրին, անդրադարձավ «Տեմպուսի» հայաստանյան ծրագրերի ընթացքին, իսկ ՀՊՏՀ կենտրոնը շքեղ որակեց:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի ընթացքը, խնդիրները, համագործակցության հեռանկարները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին