ՀՊՏՀ անգլերենի 14 մասնագետներ ստացել են հավաստագրեր Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանից

Դիտումների քանակ՝ 1069

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կրթական գործընթացի որակական բարելավման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն պրոֆեսորադասախոսական կազմի պարբերաբար կազմակերպվող վերապատրաստումները: Համալսարանի միջազգայնացման, ինչպես նաև մրցունակ մասնագետների պատրաստման գործում մեծ է օտար լեզուների իմացությունը: Այս համատեքստում կարևոր քայլ էր Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից ՀՊՏՀ-ում կազմակերպված անգլերենի դասընթացները:

Օրերս ՀՊՏՀ օտար լեզուների ամբիոնի անգլերենի 14 մասնագետներ Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանից ստացել են հավաստագրեր` «BEC Business English Certificate», որը հնարավորություն է տալիս նրանց դասավանդելու գործարար անգլերեն տնտեսագիտական բուհերում: Այս մասին մեզ հայտնեց ՀՊՏՀ օտար լեզուների ամբիոնի վարիչ Սուսաննա Չալաբյանը: Վերջինս նշեց, որ իրենք ստացել են նաև դասընթացից առաջ կազմակերպված` բոլոր մասնակիցների անգլերենի ընդհանուր գիտելիքների ստուգման մասին վկայող` «APTIS» հավաստագրեր:
«Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից մեր բուհում անցկացվել են դասընթացներ, որոնք տևել են 2 ամիս` 2012 թ. հոկտեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 22-ը: Այնուհետև մասնակիցները մարտի 16-ին հանձնել են բանավոր, իսկ 22-ին` գրավոր քննություններ: Արդյունքներն ուղարկվել են Քեմբրիջի համալսարան, որտեղ էլ իրականացված ստուգումից ու գնահատումից հետո, մենք ստացել ենք «BEC Business English Certificate» հավաստագրերը»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Սուսաննա Չալաբյանը: Վերջինս, գիտնական մանկավարժի համար կարևորելով այսպիսի վերապատրաստումների դերը, նշեց, որ դրանք լավ հնարավորություն են ընձեռում մի նոր աստիճանի հասցնելու կրթության որակը, այն համապատասխանեցնելու ժամանակի պահանջներին: Օտար լեզուների ամբիոնի վարիչը շնորհակալություն հայտնեց ռեկտոր Կորյուն Աթոյանին` համակողմանի աջակցության համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին