Ամփոփիչ քննաշրջանի, ստուգարքների մեկնարկի և դիպլոմների մասին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօրվանից մեկնարկում են հեռակա բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման գործընթացը, ինչպես նաև ամփոփիչ քննաշրջանը՝ ստուգարքներով:
«Առկա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի ատեստավորման գործընթացը մայիսի 29-ին հաջողությամբ ավարտվել է: Կատարված նախապատրաստական աշխատանքների ընթացքը թույլ է տալիս ասելու, որ հեռակա բակալավրիատի շրջանավարտները նույնպես հաջողությամբ կանցնեն ամփոփիչ ատեստավորումը»,- հաջող մեկնարկ մաղթելով ուսանողներին` լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը` նշելով, որ այսօր իրենց նիստերը կգումարեն ֆինանսեր, արժեթղթերի շուկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ, զբոսաշրջության կառավարում մասնագիտությունների ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները:
Այսօրվանից ստուգարքների մեկնարկով սկիզբ կառնի նաև ամփոփիչ քննաշրջանը:
ՀՊՏՀ ռեկտորատի այսօրվա նիստում ֆակուլտետների դեկանները զեկուցեցին ամփոփիչ քննաշրջանի նախապատրաստման մասին՝ նշելով, որ կազմակերպական բոլոր աշխատանքներն արված են, և ֆակուլտետները պատրաստ են գործընթացին:
Նշենք, որ ստուգարքները կտևեն մեկ շաբաթ: Քննությունները կսկսվեն հունիսի 10-ին և կտևեն 3 երեք շաբաթ: Հիշեցնենք, որ դասեր չեն կազմակերպվի միայն քննությունների ընթացքում:
Ռեկտորատի այսօրվա նիստում անդրադարձ եղավ նաև 2012-2013 ուստարվա շրջանավարտների ավարտական փաստաթղթերի պատրաստման հարցին: Ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը զեկուցեց, որ դիպլոմների պատրաստման գործընթացն այսօրվանից սկսվել է, և իրենք նախատեսում են գործընթացն ավարտել հունիսի 20-ին:
Ռեկտորատի նիստում անդրադարձ եղավ ընթացիկ այլ հարցերի ևս:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին