6 տասնյակից ավելի գրքեր՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքում. գործարկվել է էլեկտրոնային գրադարանը

Դիտումների քանակ՝ 1425

Հարգելի ընթերցողներ, սիրելի ՀՊՏՀ-ականներ, այսօրվանից ՀՊՏՀ պաշտոնական կայքում ՝ asue.am հասցեով, գործարկվել է էլեկտրոնային գրադարան բաժինը, որտեղ Ձեզ ենք ներկայացրել մեր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հեղինակած գրքերը, ուսումնական ձեռնարկները, մենագրությունները, դասախոսության տեքստերը: Ներկայացված ֆոնդը «Տնտեսագետ» հրատարակչությունում տպագրված հրատարակություններ են կամ հեղինակների կողմից կամովին բուհին հրապարակման համար տրված գրքերի էլեկտրոնային տարբերակներ:

Նոր դարաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացումը հիանալի հնարավորություն է ընձեռում`ապահովելու մի շարք ոլորտների մատչելիությունը: Էլեկտրոնային գրադարան բաժնի գործարկմամբ` նպատակ ունենք էլ ավելի հեշտացնել ՀՊՏՀ-ականների` մասնագիտական գրականությունից և անհրաժեշտ գրքերից օգտվելու հնարավորությունները: Հուսով ենք` էլեկտրոնային գրադարանը հատկապես օգտակար կլինի մեր ուսանողներին` քննական շրջանում: Այս պահին էլեկտրոնային գրադարանում ներկայացված է վեց տասնյակից ավելի գիրք, սակայն ֆոնդը պարբերաբար թարմացվելու է գրքային նոր արտադրանքով:
Բոլորին մաղթում ենք հաճելի ընթերցանություն:

Միաժամանակ նշենք, որ ՀՊՏՀ պաշտոնական կայքում ներկայացված է նաև էլեկտրոնային քարտադարանը, որը հնարավորություն է տալիս որևէ գիրք պատվիրելուց առաջ տեղեկանալ, թե ինչ գրքեր են առկա գրադարանում:  Էլեկտրոնային քարտադարանում այս պահին առկա է մոտ 4000 գրքերի մասին տեղեկատվություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին