Լույս է տեսել Վալերի Միրզոյանի «Հայերենը` անաղարտ (լեզվասխալների վերլուծություն)» գիրքը

Դիտումների քանակ՝ 1349

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արդի հայերենի բաժնի երաշխավորությամբ լույս է տեսել ՀՊՏՀ կառավարման ամբիոնի պրոֆեսոր Վալերի Միրզոյանի «Հայերենը` անաղարտ (լեզվասխալների վերլուծություն)» գիրքը: Նշենք, որ գիրքը երրորդ, լրացված հրատարակություն է:
Ծանոթագրությունից տեղեկանում ենք, որ գիրքն ամփոփում է առավել հաճախ հանդիպող սխալների վերլուծությունը և այդ առումով շարունակում Հենրիկ Հարությունյանի, Մայա Ավագյանի, Պետրոս Բեդիրյանի նմանօրինակ գրքերի ավանդույթը: Տեղ գտած նյութերի մեծ մասի նախապես տպագրված լինելը նպաստել է, որ գիրքը լինի առավելագույնս մատչելի, իսկ շնորհիվ ընթերցողական լսարանի հետադարձ կապի` լավագույնս համապատասխանի լեզվական գիտելիքների կատարելագործման արդի պահանջներին:
Գրքում տեղ է գտել նաև «Առտնին հայերենը», որը լեզվախաթարումների համառոտ բառարան է, իսկ հավելվածը ներկայացնում է լեզվական քաղաքականության անցած քսան տարվա հակիրճ ամփոփումը:
««Հայերենը` անաղարտ (լեզվասխալների վերլուծություն)» գիրքը գործնական հայերենի մի ձեռնարկ է` օգտակար ուսանողներին, դասախոսներին, լրագրողներին, ուսուցիչներին, գործավարներին, բոլորին, ում անհանգստացնում է այսօրվա լեզվավիճակը, ով իրոք ցանկանում է խոսել հասկանալի, ազդեցիկ ու համոզիչ»,- նշում է հեղինակը:
Շնորհավորում ենք Վալերի Միրզոյանին գրքի լույսընծայման առիթով և մաղթում նորանոր հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին