«Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ» միջֆակուլտետային խաղում հաղթեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի թիմը

Դիտումների քանակ՝ 976

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետում երեկ տեղի ունեցած  միջֆակուլտետային  «Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ»  բանիմացների խաղ-մրցույթով մեկնարկեց «Ուսանողական գարուն 2013» փառատոնը:  Մրցույթին մասնակցեց մեկական թիմ բոլոր ֆակուլտետներից: Խաղը վարեց  ծառայությունների ոլորտի պետական կարգավորում մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, ՀՊՏՀ գիտակների  «INDEX PRO» թիմի ավագ Հարություն Արզումանյանը:  Վերջիս նշեց, որ հարցերն  առնչվում են մեր կյանքի տարբեր ոլորտներին` արվեստին ու գրականությանը, սպորտին ու  գիտությանը: Նշենք նաև, որ ավանդաբար ռուսերենով կազմակերպվող այս խաղը, ՀՊՏՀ գիտակների ջանքերի շնորհիվ, հայերենով էր: Խաղն անցկացվեց 4 փուլով,  որի ընթացքում թիմերին տրվեց  40 հարց: Ընդմիջմանը անցկացվեց  առանձին մրցույթ` կինո-թեստ, որի ընթացքում թիմերը  գուշակեցին, թե որ ֆիլմերից են ցուցադրվող կադրերը: Այս մրցույթում հաղթեց կառավարման ֆակուլտետի գիտակների թիմը:

«Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ»  գիտակների  խաղ-մրցույթում հաղթող ճանաչվեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի գիտակների թիմը (20 միավոր), 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց ֆինանսական (18 միավոր), 3-րդը` կառավարման (15 միավոր) ֆակուլտետների թիմերը:

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի  մամուլի և լրատվության հանձնաժողովի նախագահ Հայկ Բեջանյանի տեղեկացմամբ`  «Ուսանողական գարուն 2013» փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն նաև  ՈՒՀԱ ֆակուլտետային թիմերի,  երգ ու պարի, տեսաֆիլմերի մրցույթներ:


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին