Կերտելով փառավոր կենսագրություն. Յուրի Սուվարյանը դարձավ 70 տարեկան

Դիտումների քանակ՝ 829

Այսօր հայ տնտեսագիտության երախտավոր, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ստեղծման ու կայացման գործում մեծ ավանդ նվիրաբերած գիտնական մանկավարժ, 2006-2011 թվականներին ՀՊՏՀ ռեկտոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Յուրի Միքայելի Սուվարյանի 70-ամյակն է:

Կերտելով լուսավոր կենսագրություն` անվանի տնտեսագետն ու մտավորականն իր աշխատանքը, գործունեությունը անմնացորդ նվիրաբերում է հայրենական գիտության զարգացմանը, տնտեսագետ կադրերի պատրաստմանը, քաղաքացիական կեցվածքով ու մարդասիրական հատկանիշներով օրինակ է ծառայում երիտասարդ սերնդին, գործընկերներին:

Յուրի Սուվարյանը ծնվել է 1943 թվականի մայիսի 25-ին ԼՂՀ Սղնախ գյուղում: 1960-ին ավարտել է Ավետարանոց գյուղի միջնակարգ դպրոցը, 1965-ին` Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 1968-ին` ասպիրանտուրան: 1970 թվականին պաշտպանել է թեկնածուական («Աշխատանքի արտադրողականության և աշխատավարձի աճի տեմպերի հարաբերակցությունը»), իսկ 1983-ին` դոկտորական («Ամբողջական աշխատանքի արտադրողականությունը Հայաստանի արդյունաբերության մեջ») ատենախոսությունները: 1984-ին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում: 1987-1994-ին Յուրի Սուվարյանը եղել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտական աստիճաններ շնորհող խորհրդի նախագահի տեղակալ, ապա նախագահ: 1991-1992 թթ. համատեղությամբ աշխատել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական: 1994-ից ՀՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչն է, 2006-2011` ՀՊՏՀ ռեկտորը: 2006-ին ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, 2010-ին` ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, 2011 թ. ընտրվել է ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար:  2012-ից ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի խորհրդականն է:

Հմուտ կառավարիչ, գիտնական ու մանկավարժ, գիտական ղեկավար Յուրի Սուվարյանն այսօր էլ համատեղում է մանկավարժական լարված աշխատանքը վարչականի հետ, բեղուն գրչով կյանքի է կոչում մեկը մյուսից խոր և արժեքավոր հետազոտություններ, օժանդակում բազմաթիվ ասպիրանտների ու հայցորդների գիտական կայացմանը: Նրա գիտական ղեկավարությամբ և խորհրդատվությամբ տնտեսագիտության դոկտորի և թեկնածուի աստիճաններ են ստացել յոթանասունից ավելի ասպիրանտ ու հայցորդ:

Յուրի Սուվարյանի գիտական հրատարակությունների թիվն անցնում է 300-ի սահմանը, դրանցից 30-ը ծավալուն մենագրություններ են տնտեսագիտության ու կառավարման հիմնարար խնդիրների շուրջ: Իսկ նրա ընդհանուր ղեկավարությամբ ու խմբագրմամբ հրատարակված «Մենեջմենթ» հայերեն բուհական առաջին դասագիրքը վերջին շրջանի հայ տեսական-մանկավարժական մտքի  նվաճումներից մեկն է:

Յուրի Սուվարյանի պետական բարձր պարգևների շարքը`«Անանիա Շիրակացի» (2000), ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» (2007), Միջազգային փիլիսոփայական ակադեմիայի «Դավիթ Անհաղթ» (2010), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի» (2011), վերջերս համալրվեց ևս մեկով: Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առիթով անվանի մտավորականն արժանացավ ԼՂՀ պետական բարձր պարգևի` «Վաչագան Բարեպաշտ»  մեդալի` որպես գնահատական ստեղծագործական նվաճումների և Արցախի տնտեսության ու գիտական մտքի զարգացման մեջ ունեցած նշանակալի ավանդի:

ՀՊՏՀ  Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է մեծ մտավորական Յուրի Սուվարյանի փառավոր հոբելյանը, որը կրկին ու կրկին հնարավորություն է տալիս հանրագումարի բերելու նրա մեծ վաստակն ու հայրենանվեր գործունեությունը, մաղթում առողջություն, արևշատություն ու նորանոր ձեռքբերումներ:

Ավելի ուշ տեղեկացանք, որ ծննդյան հոբելյանի կապակցությամբ ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը բուհի անունից շնորհավորական ուղերձ է հանձնել Յուրի Սուվարյանին, ինչպես նաև պարգևատրել նրան ՀՊՏՀ ոսկե հուշամեդալով:

 ՀՊՏՀ  Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին