ՀՊՏՀ բակում հանդիպեցին գործատուն ու գործառուն. կայացավ աշխատանքի տոնավաճառը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1302

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության « Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության համատեղ նախաձեռնությամբ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում կազմակերպվեց աշխատանքի տոնավաճառ`շուրջ 50 գործատուների մասնակցությամբ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «ՀՊՏՀ-ի հետ մենք ունենք գործընկերային հարաբերություններ և, նախաձեռնելով այս միջոցառումը, հնարավորություն ենք ընձեռում շրջանավարտներին սահուն քայլերով անցնելու դեպի աշխատաշուկա, ինչպես նաև օգնում այն գործատուներին, ովքեր երիտասարդ, բարձրորակ մասնագետների կարիք ունեն»,-կարևորելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումը` նշեց նախարարը և հավաստիացրեց, որ այսպիսի ծրագրերի իրականացումը զբաղվածության խնդիրները լուծելու արդյունավետ միջոց են: Արտեմ Ասատրյանի դիտարկմամբ` աշխատանքի տոնավաճառը մի հարթակ է, որտեղ հանդիպում են գործատուն ու գործառուն, շփվում միմյանց հետ, ստանում իրենց հուզող հարցերի պատասխանները: « Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով՝ տոնավաճառին գործատուների կողմից ներկայացվել է 220 առկա և 10 սպասվելիք թափուր աշխատատեղ։

«Բուհի համար ամենակարևորը կրթության որակի բարձրացումն է, որն անհնար է իրականացնել առանց աշխատանքի շուկայի պահանջների ուսումնասիրության ու գործատուների հետ համագործակցության»,-ողջունելով միջոցառման բոլոր մասնակիցներին ու հյուրերին` ասաց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: Անդրադառնալով բուհ-աշխատաշուկա հարաբերություններին` ռեկտորը նշեց, որ աշխատանքի շուկային համապատասխան մասնագետներ պատրաստելու նպատակով ՀՊՏՀ-ն պետական ու մասնավոր հատվածի գործատուների հետ կնքել է համագործակցության պայմանագրեր, իրականացնում է համատեղ կրթական ծրագրեր` փորձելով պատրաստել աշխատաշուկային համապատասխան մասնագետներ: «Այսօր, այստեղ հանդիպում են գործատուն ու մեր թողարկած մասնագետը, և ինձ համար շատ կարևոր է գործատուի գնահատականը՝ տրված մեր կրթած ուսանողին»,-ասաց Կորյուն Աթոյանը և հույս հայտնեց, որ այսպիսի միջոցառումները շարունակական կլինեն:

Մի քանի ժամով համալսարանի բակում հանդիպեցին լավագույն գործատուները, մեր բուհի ուսանողներին ու շրջանավարտները, ինչպես նաև աշխատանք փնտրող այլ անձինք: Նրանք ծանոթացան տարբեր ընկերությունների ու կազմակերպությունների կողմից ներկայացվող թափուր կամ սպասվող աշխատատեղերին` փորձելով գտնել իրենց մասնագիտական հմտություններին համապատասխան աշխատանք: Աշխատանք փնտրողները հնարավորություն ունեցան նաև ընդգրկվելու տարբեր գործատուների տվյալների բազայում` առաջիկայում աշխատանք գտնելու ակնկալիքով: Գործատուների համար աշխատանքի տոնավաճառը դարձավ լավ հնարավորություն` գտնելու իրենց պահանջներին համապատասխան մասնագետներ, ստեղծելու որակյալ մասնագետների տվյալների բազա: 

ՀՊՏՀ լրատվության և հասրակայնության հետ կապերի բաժինը զրուցեց նաև աշխատանքի տոնավաճառի այցելուներ, ՀՊՏՀ 2012-2013 ուսումնական տարվա շրջանավարտներ Մարիա Ղազարյանի և Աստղիկ Ղազարյանի հետ: Երիտասարդ մասնագետներն ուրախությամբ նշեցին, որ այս միջոցառումը աշխատանք գտնելու լավ հնարավորություն է և հավաստում է այն մասին, որ որակյալ մասնագետները միշտ էլ կգտնեն իրենց տեղը աշխատանքի շուկայում: Նրանք շնորհակալություն հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին` իրենց այսպիսի հնարավորություն ընձեռելու համար:

ՀՊՏՀ  Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին