Լավագույն գործատուները՝ վաղը, մեր բուհում. մեկնարկում է աշխատանքի տոնավաճառը

Դիտումների քանակ՝ 868

Սիրելի՛ ուսանողներ և շրջանավարտներ, վաղը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում կմեկնարկի աշխատանքի տոնավաճառ՝ մի քանի ժամով մի հարկի տակ մեկտեղելով լավագույն գործատուներին և մեր բուհի ուսանողներին ու շրջանավարտներին: Միջոցառման գրանցումը կսկսվի առավոտյան ժամը 10-ին, պաշտոնապես այն կբացվի ժամը 11-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, աշխատանքի տոնավաճառը կազմակերպում է ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ համատեղ: 
Շուրջ 50 գործատուներ ներկա են լինելու աշխատանքի տոնավաճառին, ովքեր ներկայացնում են աշխատաշուկան, կրթական ծրագրեր են իրականացնում և ուսանողներին տալիս գործնական պրակտիկայի հնարավորություններ: ՀՊՏՀ Աշխատանքի տոնավաճառին մասնակցելով՝ կարող եք ծանոթանալ մասնակից ընկերությունների կողմից ներկայացվող թափուր կամ սպասվող աշխատատեղերին, գտնել Ձեր հմտություններին համապատասխան աշխատանք: Այն հնարավորություն կտա ձեզ խոսել կարիերայի խորհրդատուների հետ. նրանք կպատասխանեն աշխատաշուկա մուտք գործելու վերաբերյալ ձեր ցանկացած հարցի, ինչպես նաև կարող եք հաճախել թեմատիկ սեմինարներին և ստանալ համապատասխան խորհրդատվություն:
Տոնավաճառը կամփոփվի նույն օրը՝ ժամը 15.30-ին:
Հետաքրքրված լինելով իր ուսանողների աշխատանք գտնելու հարցով՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը քայլեր է ձեռնարկում մի շարք ուղղություններով: Աշխատաշուկայի պահանջներին հնարավորինս համապատասխան կադրեր կրթելու գործին զուգահեռ մեր բուհը որոշակի քայլեր է ձեռնարկում նաև նրանց աշխատանքի տեղավորման նպատակով: Այս նախագիծը ևս պետք է դիտարկել այդ համատքստում: Այնպես որ, սիրելի ուսանողներ, հատկապես ավարտական կուրսերի, ակտիվ մասնակցություն բերեք վաղվա միջոցառմանը: Շրջանավարտների հետ հետադարձ կապի պահպանման համատեքստում ՀՊՏՀ-ն այս միջոցառումը հասցեագրում է նաև մեր շրջանավարտներին, այսինքն՝ վաղվա տոնավաճառին կարող են մասնակցել մեր բուհի նախորդ տարիների շրջանավարտները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին