Լույս է տեսել Սուրեն Սարգսյան-Կատվալյանի` «Հայագիտության ձևավորման ժամանակի և հիմնախնդիրների հարցի շուրջ» գրքույկը

Դիտումների քանակ՝ 1026

ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի երաշխավորությամբ լույս է տեսել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Սուրեն Սարգսյան-Կատվալյանի հեղինակած` «Հայագիտության ձևավորման ժամանակի և հիմնախնդիրների հարցի շուրջ» գրքույկը:
«Հեղինակը հայագիտության ժամանակաշրջանի մասին իր ուրույն մոտեցումն է ցուցաբերել` հիմնավորելով, որ այս գիտությունը ձևավորվել է 5-րդ դարում: Նա յուրովի է գնահատել Մեսրոպ Մաշտոցի ու Խորենացու դերը ազգային գրավոր մշակույթի, լեզվի, պատմության զարգացման գործում` նրանց միջոցով հիմնավորելով հայի ինքնության, պատմության և գոյության իմաստավորումը»,-լրատվության և հասարակայնության հետ բաժնի հետ զրույցում գրքույկի մասին իր տեսակետը հայտնեց գրքույկի պատասխանատու խմբագիր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ Արամ Սարգսյանը:
Գրքույկում, ըստ ծանոթագրության, հեղինակը լուսաբանում է հայագիտության առաջացման հարցը: «Ի տարբերություն ընդունված տեսակետի, ըստ որի հայագիտությունը ձևավորվել է XVIII-XIX դարերում, հիմնավորվում է, որ այն առաջացել է V դարում`հայկական մշակույթի ընդհանուր վերելքի, գրավոր գրականության հաստատման պայմաններում: Հայագիտության ձևավորման գործում հսկայական դեր են կատարել Մեսրոպ Մաշտոցն ու Մովսես Խորենացին»,- նշվում է ծանոթագրությունում:
Գրքի գրախոսներն են պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արարատ Հակոբյանը, փիլիսոփայական գիտություններ դոկտոր, պրոֆեսոր Վալերի Միրզոյանը և փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոֆյա Օհանյանը:
Շնորհավորում է գիտնականին գրքույկի լույսընծայման առթիվ և մաղթում նորանոր հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին