Հնչեց գեղեցիկ, հայեցի խոսք. այսօր մեկնարկեց «Պարույր Հայկազն» երիտասարդ ճարտասանների մրցույթը

Դիտումների քանակ՝ 981

Այսօր մեծ հանդիսասրահում մեկնարկեց «Պարույր Հայկազն» երիտասարդ ճարտասանների մրցույթը, որին մասնակցության հայտ էին ներկայացրել 28 ուսանող ճարտասաններ ինչպես ՀՊՏՀ տարբեր ֆակուլտետներից, այնպես էլ Եղեգնաձորի մասնաճյուղից:
Ուսանող ճարտասանների ելույթներից առաջ անցկացվեց վիճակահանություն և հայտնի դարձավ ելույթների հաջորդականությունը: Այնուհետև մրցույթի կազմակերպիչ Վալերի Միրզոյանը մասնակիցներին ներկայացրեց մրցատյանը, ինչպես նաև ելույթների գնահատման չափանիշները՝ որքանով է խոսքը համոզիչ ու հասկանալի, լեզվական անաղարտություն, լսարանը կառավարելու ունակություն, ճարտասանի պահվածք: Ելույթ ունենալ ցանկացողների թվով պայմանավորված` որոշվեց մրցույթը շարունակել և արդյունքներն ամփոփել վաղը`մայիսի 21-ին:

Այսպիսով` մրցութային առաջին օրը 16 մասնակցի հնարավորություն ընձեռվեց կենդանի խոսքի միջոցով արտահայտելու իրենց տեսակետները, ցուցադրելու ճարտասանական ունակությունները և գեղեցիկ, հայեցի խոսքով հաճույք պատճառելու հանդիսատեսին:
Ինչպես արդեն նշել ենք, այս մրցույթն անցկացվում է 1998 թվականից: Նախաձեռնողն ու կազմակերպիչն է կառավարման ամբիոնի պրոֆեսոր Վալերի Միրզոյանը, ում սիրով աջակցում է ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին