ՀՊՏՀ ռեկտորը շնորհակալական նամակներ է ստանում անգամ մեր բուհի շրջանավարտների առնչությամբ

Դիտումների քանակ՝ 2506

Մեր համալսարանի ուսանողների զգալի մասը Հայոց բանակում իրենց պարտքը կատարելիս աչքի են ընկնում բարեխիղճ  ծառայությամբ,  ռազմահայրենասիրական բարձր ոգով ու բանիմացությամբ՝ արժանանալով հրամանատարական կազմի ուշադրությանը, ծառայակիցների վստահությանն ու հարգանքին: Այս մասին են վկայում յուրաքանչյուր ուսումնական տարում ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանին հասցեագրվող շնորհակալական նամակները և ուրախալի է, որ դրանց շարքում հանդիպում են նաև բուհի նախկին ուսանողներին վերաբերող նամակներ: Օրերս ռեկտորը հերթական նամակն է ստացել՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ա. Գրիգորյանից և հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Սարգսյանից՝ ՀՊՏՀ հարկաբյուջետային իրավունք մասնագիտության մագիստրատուրայի 2012թ. շրջանավարտ Հովհաննես Ժորայի Պլուզյանի օրինակելի ծառայության համար: Հովհաննես Պլուզյանը ՀՊՏՀ-ում նաև բակալավրական կրթությունն է ստացել, սովորել է ֆինանսական ֆակուլտետում:

Շնորհակալական նամակում նշվում է, որ մեր շրջանավարտը զորամասի լավագույն մարտիկներից է, տիրապետում է զինվորական մասնագիտությանը, ուսման առաջամարտիկ է և կարգապահ զինվոր:

«Հարգելի պարոն Աթոյան, կրտսեր սերժանտ Հովհաննես Ժորայի Պլուզյանը բարեխղճորեն կատարում է իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ: Իր զինվորական կոլեկտիվում վայելում է արժանի հեղինակություն, օրինակ է հանդիսանում ծառայակիցների համար: Շնորհակալություն ենք հայտնում՝ Ձեր ուսանողին որպես հայրենիքի իսկական պաշտպան դաստիարակելու համար»,-գրում է հրամկազմը:

Ուրախությամբ ենք ականջալուր լինում, որ ՀՊՏՀ-ականը նաև բանակում է բարձր պահում համալսարանի անունը և բուհի ղեկավարությանը հպարտանալու հերթական առիթն է ընձեռում:

Զինծառայության մեջ գտնվող մեր ուսանողներին, բոլոր զինվորներին մաղթում ենք բարի ծառայություն, անկոտրում կամք:

Թող Հայոց աշխարհի երկնքում միշտ խաղաղություն լինի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին