Մարքեթինգի ամբիոնը հանդես եկավ գիտական սեմինարով. բանախոս էին երիտասարդ գիտնականները
ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի երիտասարդ հետազոտողները, ամբիոնային գիտական սեմինարների շրջանակում, այսօր ներկայացրին իրենց հետազոտությունները՝ «Մարքեթինգային հիմնախնդիրները ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում» և
«Սփյուռքի մարքեթինգ. սոցիալական կապիտալի օգտագործման ուղեցույց» թեմաներով:
Սեմինարին ներկա էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, մարքեթինգի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Արարատ Զաքարյանը, ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, ասպիրանտներ, մագիստրանտներ:
Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը բացման խոսքում նշեց, որ ՀՊՏՀ ավանդական գիտական նստաշրջանում անցկացվող ամբիոնային սեմինարները հնարավորություն կտան տարբերակելու հետազոտական հմտություններ ունեցող դասախոսներին և խրախուսելու նրանց: Պրոռեկտորն ընդգծեց, որ իբրև տնտեսագիտական մտքի կենտրոն՝ ՀՊՏՀ-ն պետք է առաջարկություններ ներկայացնի կառավարությանը՝ տնտեսական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ և, անշուշտ, այդ առաջարկությունները պետք է մշակվեն նաև այս սեմինարների արդյունքում:
Առաջին բանախոսը տ.գ.թ., մարքեթինգի ամբիոնի դասախոս Գրիշա Ամիրխանյանն էր, նրա զեկուցումը վերաբերում էր ՀՀ հեռահաղորդակցային ոլորտի մարքեթինգային խնդիրներին: Շեշտելով, որ հեռահաղորդակցությունը տնտեսության առանցքային ճյուղերից է, զեկուցողը ներկայացրեց ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող պետական քաղաքականությունը, ապա ցույց տվեց հեռահաղորդակցության հասույթի բաշխումն ըստ առանձին գործունեության ոլորտների, որում մեծ բաժինը պատկանում է բջջային կապին:
Անդրադարձ կատարվեց ՀՀ «Տեղեկատվության և կապի» ճյուղի և ՀՆԱ հավելաճի 2003-2015 թթ. աճի տեմպերին, 3 առաջատար օպերատորների («ՎիվաՍելլ», «Բիլայն», «Յուքոմ») ծառայություններից 1 ակտիվ բաժանորդին բաժին ընկնող միջին ամսական հասույթին և 1 բաժանորդին բաժին ընկնող միջին ամսական տրաֆիկի 2011-2016 թթ. փոփոխություններին:
Վերհանելով մարքեթինգային հիմնախնդիրները, որոնց բախվում են հեռահաղորդակցային օպերատորները, բանախոսն ուշագրավ դիտարկում արեց. բջջային կապն իր դիրքը զիջում է այսպես կոչված OTT հավելվածներին (Viber, Skype, WhatsApp և այլն), որոնք պահանջում են միայն ինտերնետ և զանգեր են ապահովում դեպի գրեթե բոլոր երկրներ: Հետազոտողի կատարած հարցումների արդյունքով՝ ՀՀ բնակչության ավելի քան 70 %-ն ունի ինտերնետ կապ, իսկ 54%-ն օգտվում է OTT հավելվածներից:
Հաջորդ զեկուցողն ասպիրանտ Հայկազ Ֆանյանն էր, նրա հետազոտությունն առնչվում էր Սփյուռքի մարքեթինգին, սոցիալական կապիտալի օգտագործման ուղիներին: Հետազոտությունը նկարագրողական էր, և առաջարկություններ չէր ներկայացնում: Ընդգծենք, որ սա ասպիրանտի թեկնածուական ատենախոսության թեման չէ, պարզապես նրա հետաքրքրության կենտրոնում է:
Միջազգային հաջող փորձը ներկայացնելով՝ բանախոսը ցույց տվեց, թե ինչպես կարելի է Սփյուռքի սոցիալական կապիտալը ծառայեցնել տնտեսության զարգացմանը: Խոսվեց Հայկական սփյուռքի առանձնահատկությունների մասին, գնահատվեց ներուժը, պարզաբանվեց Սփյուռքի մարքեթինգ հասկացության էությունը:
Զեկուցողները պատասխանեցին ներկաների հարցերին:
«Սեմինարներում ներկայացնում ենք մեր ամբիոնի երիտասարդ գիտնականների հետազոտությունները, և դա նպատակ ունի շահամիտել մագիստրանտներին՝ ասպիրանտական կրթություն ստանալու, գիտահետազոտական աշխատանքով զբաղվելու: Այսինքն, երիտասարդների օրինակով փորձում ենք խանդավառություն առաջացնել ուսանողների մոտ: Ի դեպ, Հայկազ Ֆանյանը նոր է վերադարձել արտերկրից (մեկնել էր «Էրազմուս+» ծրագրով), բացի իր ատենախոսության թեմայից, հետաքրքրվում է Սփյուռքի մարքեթինգով և ուշագրավ հետազոտություն է կատարել: Փորձում ենք զարգացնել ամբիոնի գիտահետազոտական ներուժը և ուրախությամբ կարելի է ասել՝ ունենք խոստումնալից երիտասարդներ»,-մեզ հետ զրույցում սեմինարն ամփոփեց պրոֆեսոր Արարատ Զաքարյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնությա հետ կապերի բաժին