Ո՞ր ոլորտներով են հետաքրքրված դիմորդները. այց ՀՊՏՀ ընդունող հանձնաժողով

Դիտումների քանակ՝ 988

Այսօր ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցներն այցելեցին ՀՊՏՀ ընդունող հանձնաժողով և հետևեցին աշխատանքների ընթացքին: Այստեղ իսկական եռուզեռ էր: Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Մանուկ Մովսիսյանը, ընդունող հանձնաժողովն աշխատում է ամեն օր՝ լարված գրաֆիկով: Վերջինս տեղեկացրեց նաև, որ դիմում-հայտը լրացնելու ժամանակ կարևոր է նկատի ունենալ այն, որ անվճար տեղ դիմելու դեպքում գերակա է հայտը, իսկ վճարովիի դեպքում` բալը: Այս մասին դիմորդներն այնքան էլ իրազեկ չեն, սակայն այն կարևոր է դիմում-հայտը ճիշտ լրացնելու համար:
Մ. Մովսիսյանը տեղեկացրեց, որ դիմորդները գալիս են Հայաստանի տարբեր շրջաններից, սակայն այս պահի դրությամբ ամենաշատ դիմորդները Սյունիքի մարզից են, ակտիվ է նաև Կոտայքի մարզը: Ընդունող հանձնաժողովի փոխանցմամբ` երեկվա տվյալներով եղել է 372 դիմորդ:
Մինչ այս պահը ամենամեծ պահանջարկն ունի ֆինանսական ֆակուլտետը, ըստ դիմում-հայտերի` մրցակցությունը մեծ կլինի նաև հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում:
Ընդունող հանձնաժողովը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ աշխատում է ամեն օր, շաբաթ-կիրակի, տոն օրերին ևս, ժամը 9.00-ից մինչև 18.00-ն: Դիմումների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի հունիսի 1-ն է` մինչև ժամը 18-ը:
Բոլոր դիմորդներին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին