ՀՊՏՀ և ԵՊԼՀ դասախոսական թիմերի վոլեյբոլի ընկերական հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով
Երեկ ՀՊՏՀ մարզադահլիճում կայացավ վոլեյբոլի ընկերական հանդիպում, որտեղ խաղացին ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի և Երևանի պետական լեզվաբանական համալսարանի դասախոսական թիմերը: Նշենք, որ ԵՊԼՀ դասախոսական կազմում խաղում էին ոչ միայն ֆիզդաստիարակության, այլև օտար լեզվի ամբիոնների դասախոսներ: ՀՊՏՀ թիմի ավագն էր ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոն Հակոբյանը, իսկ ԵՊԼՀ-ինը`վոլեյբոլի մարզիչ Գայանե Ալեքսանյանը: Մրցույթի հենց սկզբից պայքարը լարված էր, առաջին և երկրորդ խաղափուլերում հաջող խաղ ցույց տվեց ՀՊՏՀ թիմը: Առաջին խաղափուլում գրանցվեց 26-24 հաշիվ` հօգուտ ՀՊՏՀ-ի: Երկրորդ խաղակեսում հաշիվը 25-18 էր / ՀՊՏՀ`25, ԵՊԼՀ`18/: Երրորդ փուլում առավելագույն արդյունք ցույց տվեց ԵՊԼՀ-ն` 21-25, սակայն վերջին խաղափուլում առավելությունը կրկին ՀՊՏՀ թիմինն էր /25-17/:
Այսպիսով, խաղն ավարտվեց 3-1 հաշվով:
Հիշեցնենք, որ հանդիպումը կազմակերպվել էր ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի նախաձեռնությամբ: Դասախոսներին իրենց ներկայությամբ ոգևորում էին ուսանողները: Ինչպես նշեց Սիմոն Հակոբյանը, նմանատիպ հանդիպումները շարունակական բնույթ են կրում: Դրա նպատակն է համախմբել տարբեր բուհերի դասախոսներին, ինչպես նաև ամրապնդել միջբուհական կապերը: Խաղի ավարտից հետո երկու բուհերի դասախոսական թիմերի համար փոքրիկ հյուրասիրություն կազմակերպվեց: Ինչպես հավաստեց Ս. Հակոբյանը, այս հանդիպումներն ունեն մեկ կարևոր առաքելություն ևս. այն է` սեփական օրինակով ցույց տալ ուսանողներին, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերը մեր կյանքում անփոխարինելի է, այն առողջության գլխավոր գրավականներից է:
Շնորհավորում ենք մեր դասախոսական թիմին հաղթանակի առիթով և շնորհակալություն ենք հայտնում ԵՊԼՀ դասախոսներին` ՀՊՏՀ –ում հյուրընկալվելու և խաղին մասնակցության համար:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին