Լույս է տեսել «Տնտեսագետ» ամսագրի մարտ-ապրիլյան համարը
«Տնտեսագետ» ամսագրի սիրելի ընթերցողներ, լույս է տեսել ամսագրի մարտ-ապրիլյան համարը: Այս անգամ տարածումը մի քանի օրով ձգձգվեց, որովհետև ամսագիրն անակնկալ պիտի դառնար մեր բաժնի հայտարարած ԱՐՁԱԿ-2013 պատմվածքի մրցույթի հաղթողների համար: Ինչպես մեր երեկվա լրահոսից տեղեկացել եք, մրցույթը եզրափակվեց շքեղ հանդիսությամբ, որի ընթացքում հանձնվեցին նվերներ ու դրամական պարգևներ, և մեր նախատեսած անակնկալը, իրոք, ուրախացրեց հասցեատիրոջը. մրցույթի չորս հաղթողներից մեկը` ֆինանսական ֆակուլտետի հանրային ֆինանսներ մասնագիտության մագիստրանտ Երանուհի Մկոյանը «Տնտեսագետում» տպագրված տեսավ իր «Թաթիկներից մինչև ձեռք» պատմվածքը, որն ամսագրի այս համարում սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Այսինքն՝ «Տնտեսագետի» այս համարի շնորհանդեսը երեկ էր:
Պատմվածքի մրցույթի մասին է նաև ամսագրի առաջնորդողը:
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի պաշտոնավարման 2-րդ տարվա առիթով «Տնտեսագետը» լուսանկարային և վերլուծական ընդարձակ անդրադարձ է կատարել այն կարևոր իրադարձություններին, ձեռքբերումներին, որոնցով նշանավորվում է ռեկտորի գործունեությունն անցած 2 տարվա ընթացքում և այն ծրագրերին, որոնք նախանշվում են:
Նոր համարում ընթերցողին են սպասում մեր ավանդական խորագրերը` «Հայերենը` վտանգված», «Տնտեսական խճանկար», «Անվանի տնտեսագետները», «Մեր շնորհալիները», «Վերծանելով արվեստի գաղտնագրերը», ինչպես նաև նոր խորագրերը`«Հայրենիքը սկսվում է բնությունից», «Ամենակարևորի մասին»: Նոր՝ «Փորձագիտական հարթակ» խորագրի ներքո հանդես է գալիս ՀՊՏՀ ապրանքագիտության և տեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Սպարտակ Սարատիկյանը` ընթերցողին ներկայացնելով պլաստմասսայե արտադրանքների բնութագրումը և կենցաղային փորձաքննություն:
Նոր համարն ունի նաև գրական էջեր, ինչպես նաև լսարանային հարցում «Ո՞վ է քո հերոսը» թեմայով: Հարցման պատասխանները մեկնաբանում է փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արամ Սարգսյանը:
«Լուսանկարային լրաշարքը» հետահայաց կներկայացնի անցած երկու ամիսների համալսարանական կարևոր իրադարձությունները:
Սիրելի ուսանողներ, ինչպես միշտ, ամսագիրը կարող եք ձեռք բերել ձեր ֆակուլտետի դեկանատներից։ Հաճելի ընթերցում ենք մաղթում ձեզ:
Որոշ ժամանակ անց «Տնտեսագետի» էլեկտրոնային տարբերակը կտեղադրվի նաև ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am):
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին