ՀՊՏՀ-ականները մասնակցել են բնապահպանական խնդիրներին նվիրված գիտաժողովի

Դիտումների քանակ՝ 932

ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտը, կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը Երիտասարդ գիտնականների խորհրդի հետ համատեղ մայիսի 3-5-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում անցկացրել են «Կենսաբազմազանության և վայրի բնության պահպանման էկոլոգիական հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով, որին մասնակցել են աշխարհի 11 երկրների 40 քաղաքների բնապահպանական խնդիրներով մտահոգ երիտասարդ գիտնականներ: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցել են նաև ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտություն ամբիոնի ասպիրանտ, ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը, նույն մասնագիտության երկրորդ կուրսի մագիստրանտներ Սերգեյ Խառատյանը, Վարդան Ջանգոզյանը, Ջուլիետա Աթանյանը, ֆինանսներ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Շուշան Ալեքսանյանը, բնօգտագործման տնտեսագիտության մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Էդգար Գրիգորյանը և կառավարում մասնագիտության 1-ին կուրսի մագիստրանտ Գրիշա Ամիխանյանը: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց Շուշան Ալեքսանյանը: Վերջինիս խոսքով` համախմբելով աշխարհի երիտասարդ գիտնականներին` գիտաժողովը փորձել է վեր հանել բնապահպանության ու բնօգտագործման արդիական հիմնախնդիրները:
«Մեր խումբն ակտիվորեն մասնակցեց բոլոր քննարկումներին ու գիտական սեմինարներին` փորձելով բնապահպանական հիմնախնդիրները ներկայացնել տնտեսագիտության տեսանկյունից: Մեր ելույթներում կարևորվեց նաև տնտեսագիտության դերը վերոնշյալ խնդիրնեով զբաղվող մյուս գիտությունների շարքում»,-մեզ հետ զրույցում ասաց Շուշան Ալեքսանյանը և վստահեցրեց, որ նման գիտաժողովներն են, որ տալիս են բնապահպանական շատ հարցերի պատասխանները:
Շուշան Ալեքսանյանը տեղեկացրեց նաև, որ գիտաժողովից առաջ կազմակերպիչների նախաձեռնությամբ լույս է տեսել գիտական զեկուցումների ժողովածու, ուր տեղ են գտել նաև Սևակ Խաչատրյանի, Վարդան Ջանգոզյանի, Սերգեյ Խառատյանի և Ջուլիետա Աթանյանի զեկուցումները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին