Մայիսի 13-ին տեղի կունենա « Պարույր Հայկազն» ճարտասանների մրցույթի մասնակիցների հայտագրումը

Դիտումների քանակ՝ 929

Սիրելի’ ՀՊՏՀ-ականներ, շուտով տեղի կունենա « Պարույր Հայկազն» երիտասարդ ճարտասանների մրցույթը, որին կարող են մասնակցել բոլոր ֆակուլտետների ուսանողները: 1998 թվականից անցկացվող, ավանդույթի ուժ ստացած այս մրցույթի նախաձեռնողն ու կազմակերպիչն է կառավարման ամբիոնի պրոֆեսոր Վալերի Միրզոյանը, ում սիրով աջակցում է ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը:
Մրցույթի մասնակիցներին հնարավորություն կընձեռվի կենդանի խոսքի միջոցով արտահայտելու իրենց տեսակետները, ցուցադրելու ճարտասանական ունակությունները և գեղեցիկ, հայեցի խոսքով հաճույք պատճառելու հանդիսատեսին: Ելույթները կգնահատի մրցատյանը` առաջնորդվելով հետևյալ չափանիշներով. որքանով է խոսքը համոզիչ ու հասկանալի, լեզվական անաղարտություն, լսարանը կառավարելու ունակություն, ճարտասանի պահվածք:
Լավագույն ելույթները կարժանան մրցանակների և խրախուսանքի:
Մրցույթին մասնակցելու համար պետք է նախապատրաստել ելույթ` նախընտրած թեմայով, 10 րոպե տևողությամբ:
Մայիսի 13-ին ժամը 14.00-ին մեծ հանդիսասրահում տեղի կունենա մասնակիցների հայտագրումը: Մրցույթի օրվա մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին