Մեկնարկեց 2013-2014 ուսումնական տարվա դիմում-հայտերի ընդունման գործընթացը
Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից սահմանված ժամկետներին համապատասխան՝ այսօրվանից բարձրագույն ուսումնական հաստատություններում մեկնարկել է 2013-2014 ուսումնական տարվա դիմում-հայտերի ընդունման գործընթացը, որը կտևի մինչև հունիսի 1-ը, ժամը 18.00-ը:
Այսօր առավոտից մեր բուհում սկսվել են ընդունող հանձնաժողովի աշխատանքները: ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի կազմը հետևյալն է՝ ընդունող հանձնաժողովի նախագահ՝ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյան, տեղակալ` ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյան, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ ֆինանսների ամբիոնի դոցենտ, Վահան Բաղդասարյան, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ՝ վիճակագրության ամբիոնի դոցենտ, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկանի տեղակալ Մանուկ Մովսիսյան:
Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց պատասխանատու քարտուղար Վահան Բաղդասարյանը, այսօր արդեն իսկ մեր համալսարան են դիմել Հայաստանի մարզերի մի քանի դիմորդներ՝ մասնավորապես Տավուշից և Սյունիքից: Բաղդասարյանի խոսքով, քանի որ գործընթացը նոր է մեկնարկել, բնականաբար դեռ չկա հստակ պատկեր, թե որ մասնագիտությունների գծով կլինեն ամենաշատ դիմորդները, սակայն ըստ նախորդ տարիների ցուցանիշների` ամենամեծ պահանջարկն ունենում են ֆինանսական և կառավարում ֆակուլտետները:
Հարգելի այցելուներ, շուտով ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Ընդունելություն» խորագրի ներքո կներկայացնենք ընդունելության գործընթացին վերաբերող ՀՀ ԿԳՆ և ԳԹԿ փաստաթղթերը:
Տեղեկացնենք նաև, որ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը կգործի ֆինանսական ֆակուլտետի առաջին հարկում:
Հաջողություն ենք մաղթում բոլոր դիմորդներին: Մենք հետևում ենք դիմում-հայտերի ընդունման գործընթացին, մանրամասները կներկայացնենք հետագա լրահոսում:
Հ.Գ. Լուսանկարը՝ Մեդիամաքսից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին