ՀՊՏՀ-ում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ. ռեկտորատի հերթական նիստում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատն այսօր գումարեց հերթական նիստը: Բուհում 2012-2013 ուստարվա առկա բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի նախադիպլոմային պրակտիկայի արդյունքների, ինչպես նաև շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման գործընթացի մասին զեկուցեցին ՀՊՏՀ վեց ֆակուլտետների դեկանները՝ երկու գործընթացներն էլ գնահատելով բարեհաջող:
2012-2013 ուստարվա 2-րդ կիսամյակի միջանկյալ քննաշրջանին չներկայացած ուսանողների քննությունների կազմակերպման մասին զեկուցեց ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը՝ հայտնելով, որ այս ուսանողների քննությունները կկազմակերպվեն մայիսի 7-ին և 8-ին, ժամը 14.30-ին և 16.00-ին: Նա նաև զեկուցեց մինչև 12 կրեդիտ պարտք ունեցող ուսանողների քննությունների վերահանձնման մասին՝ ռեկտորատին ներկայացնելով, որ տվյալ ուսանողների քննությունները կկազմակերպվեն մայիսի երկրորդ տասնօրյակից սկսած: Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը պարզաբանեց, որ սա կարևոր է հատկապես երրորդ կուրսեցիների համար, քանի որ սա պարտքերը հանձնելու նրանց վերջին հնարավորությունն է:
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հայտնեց, որ մայիսի վերջին մեր բուհում նախատեսվում է կազմակերպել աշխատանքի տոնավաճառ՝ դրանով փորձելով նպաստել մեր շրջանավարտներին աշխատանքի տեղավորելու խնդրի լուծմանը: Այս նախաձեռնության մասին մանրամասները լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը կներկայացնի առաջիկայում:
Ռեկտորատի նիստում քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր ևս: Որոշվեց նաև մայիսի 9-ին առավոտյան այցելել «Հաղթանակ» զբոսայգի:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին