ՀՊՏՀ-ում այսօրվանից մեկնարկեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

Դիտումների քանակ՝ 948

Ամփոփիչ ատեստավորման գործընթացի շրջանակներում ՀՊՏՀ-ում այսօրվանից սկսվեցին առկա ուսուցման բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման քննությունները: Նշենք, որ այսօր  ամփոփիչ ատեստավորման քննություն են հանձնում այն ուսանողները, ովքեր չեն ստացել ավարտական աշխատանք գրելու թույլտվություն և համաձայն ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշման` հանձնելու են երկու ամփոփիչ ատեստավորման քննություն:

Ապահովագրական գործ մասնագիտության առկա բակալավրիատի ավարտական կուրսերի ուսանողներն ամփոփիչ ատեստավորման քննություն էին հանձնում «Ռիսկերի տեսություն և վերաապահովագրություն» առարկայից: Քննության առաջին օրն  ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը (նախագահ «Ինգո Արմենիա»  ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արևշատ Մելիքսեթյան) կքննի և կգնահատի  19 ուսանողի` ուսումնառության 4 տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքները:

Այսօր սկսվեց նաև բիզնեսի կազմակերպում մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսերի ամփոփիչ ատեստավորման քննությունը`«Բիզնեսի տնտեսագիտություն» առարկայից:   Հանձնաժողովի նախագահն է   «Եռասպասարկում» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Շաքարյանը:  «Բիզնեսի տնտեսագիտություն» առարկայից քննական առաջին օրը քննություն կհանձնի 10 ուսանող:

«Ռիսկերի տեսություն և վերապահովագրություն»  և «Բիզնեսի տնտեսագիտություն» առարկաների ամփոփիչ ատեստավորման քննությունը կշարունակվի վաղը` մայիսի 3-ին:

Հիշեցնենք, որ  առկա ուսուցման մագիստրատուրայի և բակալավրիատի ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորումը մեկնարկել է  ապրիլի 29-ին և կավարտվի մայիսի 27-ին, իսկ հեռակա ուսուցման ամփոփիչ ատեստավորումը` կմեկնարկի հունիս 3-ին և կավարտվի հունիսի 26-ին: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին