ՀՊՏՀ-ում այսօր մեկնարկեց ամփոփիչ ատեստավորման գործընթացը
Միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության առկա բակալավրիատի ավարտական կուրսերի ավարտական աշխատանքների պաշտպանությամբ այսօր մեր բուհում սկսվեց ամփոփիչ ատեստավորման գործընթացը: Նշենք, որ ամփոփիչ ատեստավորման գործընթացում այս տարի առաջին անգամ կիրառության մեջ մտավ ՀՊՏՀ գիտխորհրդի այն որոշումը, համաձայն որի յուրաքանչյուր մասնագիտությունում թույլատրվել է ավարտական աշխատանք գրելու և պաշտպանության ներկայացնելու բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող ուսանողների 30-35 տոկոսին:
Ավարտական աշխատանքներ պաշտպանող ուսանողներին այսօր ամփոփիչ ատեստավորման գործընթացի մեկնարկի կապակցությամբ շնորհավորեց և հաջողություններ մաղթեց ՀՀ ԿԲ խորհրդի անդամ, միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ Արմենակ Դարբինյանը: Վերջինս ուսանողներին հանգամանորեն ծանոթացրեց ավարտական աշխատանքների պաշտպանության ընթացակարգին: Այնուհետև ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի առաջ ելույթ ունեցավ Հերմինե Կատվալյանը, ով ներկայացրեց «Ծովային ելք չունեցող երկրներին առանձնահատուկ խնդիրները» թեմայով ավարտական աշխատանքը:
Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Նազարյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց, որ համաձայն գործող կարգի` միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության առկա բակալավրիատի 69 ուսանողից ավարտական աշխատանքներ գրելու և դրանք պաշտպանելու թույլատվություն է ստացել 39 ուսանող: Ավարտական աշխատանքներ գրելու թույլատվություն չստացած ուսանողները կհանձնեն երկու ամփոփիչ ատեստավորման քննություններ:
Ավարտական աշխատանքների պաշտպանության առաջին օրն իրենց կատարած ուսումնասիրությունները կներկայացնեն 14 ուսանողներ: Ավարտական աշխատանքների պաշտպանությունը կշարունակվի նաև մայիսի 2-ին և 3-ին:
Հիշեցնենք, որ նախկինում ավարտական կուրսերում ավարտական ուսումնասիրություն էին ներկայացնում բոլոր ուսանողները` անկախ առաջադիմությունից:
Հաջողություն ենք մաղթում ամփոփիչ ատեստավորման գործընթացի բոլոր մասնակիցներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին