ՀՊՏՀ վոլեյբոլի աղջիկների հավաքականը նվաճել է չեմպիոնի կոչումը

Դիտումների քանակ՝ 1572

Երեկ ավարտվել է ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ մարզական խաղերի շրջանակում անցկացվող վոլեյբոլի աղջիկների առաջնությունը, որը մեկնարկել էր ապրիլի 15-ին: Հպարտությամբ ենք նշում, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վոլեյբոլի աղջիկների հավաքականը ուրախության, ոգևորության ու հրճվանքի անասելի պահեր է պարգևել իր երկրպագուներին` եզրափակիչ խաղում 3:2 հաշվով հաղթելով ԵՊՀ-ի հավաքականին,արդյունքում նվաճելով առաջնության հաղթողի կոչումը:
«Պայքարը համառ էր ու թեժ: Հակառակորդ թիմի կազմում խաղում էին բավական ուժեղ մարզուհիներ, որոնք ջանք ու եռանդ չէին խնայում հաղթանակի հասնելու համար: Թեև առաջին խաղափուլում մեր աղջիկները պարտվեցին, այնուհանդերձ չվհատվեցին, հավաքեցին բոլոր ուժերը, ցուցադրեցին գեղեցիկ խաղ և աննախադեպ հաղթանակ տոնեցին»,-լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշպանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՊՏՀ վոլեյբոլի աղջիկների հավաքականի մարզիչ Սիմոն Հակոբյանը` շնորհակալություն հայտնելով նաև բոլոր այն երկրպագուներին` ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, ուսանողներին, որոնք ներկա են եղել շաբաթ և կիրակի տեղի ունեցած կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերին, իրենց ներկայությամբ ոգևորել ու աջակցել մեր մարզուհիներին:

Սիմոն Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ 2-րդ տեղը զբաղեցրել է Երևանի պետական, 3-րդը` Արցախի պետական համալսարանների հավաքականները:
Խաղի ավարտից հետո տեղի է ունեցել մրցանակաբաշխության հանդիսավոր արարողություն: Մեր վոլեյբոլիստուհիներին շնորհավորել, ոսկե մեդալներ և հաղթողի գավաթը հանձնել է «Հայաստան» մարզական ընկերության փոխնախագահ Հենրիկ Մոկացյանը:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է
վոլեյբոլի հավաքականի մարզչին` Սիմոն Հակոբյանին, մարզուհիներին`Նարե Հովհաննիսյանին (թիմի ավագ), Անի Գրիգորյանին, Լիա Միրզոյանին, Լուսինե Ներսիսյանին, Սաթենիկ Գրիգորյանին, Լուսինե Մուրադյանին, Դիանա Հովհաննիսյանին, Մերի Թորոսյանին, Սոֆյա Մնացականյանին և մաղթում նորանոր հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին